16/06/2016 16:15
Արտակ Զաքարյան. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի համար առանցքային է Վիեննայի պայմանավորվածությունների քննարկումը
Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման հիմնական առանցքը Հայաստանի համար Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու վերաբերյալ քննարկումն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Վիեննայում հնչած հայտարարության մեջ հստակ ամրագրված է, որ պետք է ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունները, հետաքննությունների մեխանիզմ ունենալ հրադադարի ռեժիմի խախտման համար և դրանից բխող՝ կայուն հրադադար», - ասաց պատգամավորը:
Ըստ նրա, կա պարզ իրականություն՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պետք է ունենալ կայուն ու երաշխավորված հրադադար:
«Ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանի վարքից: Հույս ունենանք, որ Ռուսաստանի նախագահի առաքելության պայմաններում հնարավոր կլինի Ադրբեջանին պարտադրել հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ ռազմական ճանապարհով ԼՂ խնդիրը չունի լուծում», - ամփոփեց Արտակ Զաքարյանը: