16/06/2016 11:20
Ջոն Էվանս. ԼՂ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա
Հունիսի 20-ին Պետերբուրգում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հավանաբար քննարկվելու է ոչ թե խաղաղ պայմանագիրը, այլ՝ ներկա իրավիճակում խաղաղության ապահովման միջոցները, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Էվանսի խոսքով՝ նախագահների առաջիկա հանդիպումն, այնուամենայնիվ, հույս է ներշնչում: «Առաջնորդներից երկուսն էլ խելացի և պատասխանատու մարդիկ են, և եթե նրանք հոգ են տանում իրենց ժողովրդի մասին, ապա պետք է բանակցեն և փորձեն նվազեցնել հետագա բռնությունների հնարավորությունը»,-ասել է նա:
Ջոն Էվանսն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Ջոն Էվանսն ընդգծել է, որ բանակցություններն անհրաժեշտ է կենտրոնացնել հենց մարդկանց անվտանգության ապահովման, այլ ոչ այնքան՝ տարածքների վրա:
«Այդ մոտեցման դեպքում կողմերը կարող են քննարկել ինչպես Ղարաբաղի բնակչության, այնպես էլ՝ ադրբեջանցի տեղահանվածների ճակատագիրը: Այսօրվա աշխարհում տարածքներն այնքան կարևոր չեն, որքան՝ հասարակությունը, օրենքի գերիշխանությունը և գործարար լավ մթնոլորտը»,-ասել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան: