16/06/2016 14:58
Միասին շատ երջանիկ ենք. Դերասանուհի Անի Լուպեն ծննդյան անցուդարձի, ամենամեծ երազանքի ու սիրելիի մասին
Հունիսի 15-ին Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն նշում էր ծննդյան տարեդարձը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ միջավայրում է տոնական օրն անցկացրել:
«Հրաշալի օր եմ ունեցել, նշել սկսել ենք դեռ հունիսի 14-ի կեսգիշերից, երեկ էլ գործընկեր-ընկերներիս, հարազատ ու մոտ մարդկանց հետ հավաքվեցինք «Հեմինգուեյ» փաբում ու հրաշալի և ուրախ ժամանակ անցկացրեցինք»,-մեզ հետ զրույցում նշեց օրվա հերոսուհին:
Արդեն 32-ամյա դերասանուհի-երգչուհին ժպիտով նկատեց՝ տարիքի հետ իմաստնանում է: Ինչպես յուրաքանչյուր հոբելյար, նվերների ու բարեմաղթանքների պակաս նա ևս չունի: «Նվերներ շատ եմ ստացել, բայց դեռ չեմ հասցրել նայել, քանի որ մի քիչ գինովցած էի: Կարևորը՝ գիտեմ, ստացել եմ այն, ինչ ցանկացել եմ: Ինչ վերաբերում է կենաց-մաղթանքներին, ապա ամենաշատը հնչել է երջանկություն բառը: Շնորհակալ եմ, ու Փառք Աստծո, ես դա ունեմ»,-ընդգծեց նա:
Ինքն իրեն դերասանուհին մաղթում է սեր, քանի որ սիրում է սիրվել ու սիրել, ինչպես ինքն է ասում, շա՜տ սիրել: «Ես երջանիկ եմ, սիրում եմ ապրել, սիրել ու ամեն Աստծո օր շնորհակալություն եմ հայտնում, որ կամ: Այ դա է իսկական երջանկությունը»,- ասաց նա:
Հարցին, թե իր ներսում այդքան սեր ունեցող դերասանուհին արդյոք արդեն գտել է իր միակին և արդյոք նույն ոլորտից են, պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, գտել եմ, բայց ավելին ասել չեմ կարող: Միայն հավատացնում եմ, որ մենք միասին շատ երջանիկ ենք: Նա իմ ոլորտից չի, բայց կարևորը դա չէ: Խոստանում եմ, որ եթե ամեն ինչ լավ դասավորվի, առաջինը ձեզ հետ կկիսվեմ»:
«Սարերի ետևո՞ւմ» է զույգի ամուսնությունը, թե ոչ հարցին, մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ տեղեկացրեց. «Գիտեք, նա հայ չէ ու Հայաստանում չէ, բայց իրենց մոտ սարեր քիչ կան, գուցե ավելի շո՞ւտ հասնի այստեղ, չգիտեմ: Բայց շեշտեմ, որ քրիստոնյա է»:
Անի Լուպեի երազանքների շարքին է դասվում նաև մեծերի համար հարմարավետ պայմաններ ստեղծելն ու նրանց մասին հոգ տանելը: «Ես երազում եմ, շատ եմ ուզում, որ աշխարհի բոլոր տատիկ-պապիկներին կարողանամ պահել: Հուսամ՝ կհարստանամ, կբացեմ աշխարհի ամենամեծ ծերերի տունն ու բոլորին այնտեղ կպահեմ, հոգ կտանեմ, կսիրեմ»,-Aysor.am-ի հետ զրույցը հուզմունքով եզրափակեց նա: