17/06/2016 17:34
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը հագեցած է լինելու բացօթյա կինոդիտումներով և համերգային ծրագրերով
Հուլիսի 10-17- ը նախատեսված «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում կհնչի երևանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների և ջազ բենդերի մասնակցությամբ: Այս տարի Ազատության հրապարակում կտեղակայվի շարժական կինոավտոմոբիլ, որով պարբերաբար կցուցադրվեն ամենատարբեր ժանրերի ֆիլմեր:
««Ոսկե ծիրանը» մեծ և սպասված իրադարձություն է Երևանի համար և կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի մշակութային կյանքում: Այս տարի հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու անկախ Հայաստանում ստեղծված ֆիլմերին: Հայկական կինոյում դեռ շատ անելիքներ կան և նպատակ՝ Երևանը դարձնել տարածաշրջանային մշակութային կենտրոն, ինչին ուղղված է նաև կինոփառատոնի անցկացումը: Փառատոնում ընդգրկված են մի շարք ծրագրեր, որոնք չեն կարող իրականություն դառնալ առանց համապատասխան աջակցության: Այս առումով մշտական աջակցության համար առանձնահատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ Երևանի քաղաքապետին: Քաղաքապետարանը մշտապես մեր կողքին է և շատ հարցեր իրենց լուծումներն են ստանում հենց քաղաքապետարանի աջակցության շնորհիվ»,- նշել է «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն համատեղ մամուլի ասուլիսում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում ընդգրկված են նաև մի շարք երկրների արտադրության նոր ֆիլմեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել Երևանում: Կլինեն նաև մի շարք հայտնի փառատոների մրցութային ֆիլմերի ցուցադրություններ: Կկազմակերպվեն ֆրանսիական, լեհական, գերմանական ֆիլմերի օրեր:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Աստղերի պուրակում, կտեղադրվի ևս 3 հայ անվանի կինոգործիչների աստղ:
13-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնը կնիրվի ՀՀ Անկախության 25-ամյակին: