17/06/2016 19:29
ԼՂ հարցով գագաթաժողովին ընդառաջ Ադրբեջանում լայնածավալ զորավարժության կազմակերպումը հիմարություն է, շանտաժ. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժություններ անցակացնելու համար ընտրված ժամանակահատվածը Լեռնային Ղարաբաղի համար անհասկանալի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Նման տեսակի զորավարժություններ կազմակերպելու համար ընտրված ժամանակահատվածը անհասկանալի է: Ադրբեջանը պարբերաբար է նման զորավարժություններ անցկացնում, ինչպես և մենք՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Անհասկանալի է ընտրված ժամանակահատվածը, ընդ որում՝ դա լինելու է Ղարաբաղի և Հայաստանի սահմանում», - ասաց Դ.Բաբայանը:
Նրա խոսքով՝ զորավարժության պլանավորումը «ուժի ցուցադրման փորձ է»:
«Ինչ-որ առումով դա նաև շանտաժի դրսևորում է միջազգային հանրության հանդեպ: Անհասկանալի է, թե ինչպես է այնտեղ և՛ զորավարժություններ, և՛ «Ֆորմուլա 1» անցկացվում: Հնարավոր է, որ սա նաև փորձ է ավելի շատ մարդկանց ուշադրությունը գրավել և Ադրբեջանը ներկայացնել՝ որպես ուժեղ երկիր», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Վերջինս ընդգծեց, որ այդ զորավարժությունների ծրագրումը ազդեցություն չի ունենա Արցախի և Հայաստանի անվտանգության վրա:
«Մենք անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները կկիրառենք սահմանի շրջակայքում: Անշուշտ, մենք, ի դեմս Ադրբեջանի, ունենք ոչ կառուցողական հարրանի և անվստահելի կողմի: Նման զորավարժությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում հիմարություն է և շանտաժ», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: