17/06/2016 20:25
Դավիթ Բաբայան. Հայ ռազմագերու փոխանակումն անդրբեջանցի հանցագործների հետ անհնար է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհնարին են համարում ծանր հանցագործությունների համար դատապարված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն Ադրբեջանում ռազմագերու կարգավիճակով պահվող զինծառայող Արսեն Բաղդասարյանի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովի հայտարարությանն, ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հերթական անգամ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային և մարդասիրական իրավունքի նորմերը: Փոխանակում իրականացնելու նրանց առաջարկը դիտարկում ենք որպես ահաբեկչական գործողություն՝ Ադրբեջանում պատանդի կարգավիճակով պահվող հայ զինծառայողի նկատմամբ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Գուլիևն ու Ասկերովը ռազմագերիներ չեն, նրանք պատահմամբ չեն հայտնվել ԼՂ-ում, այլ՝ ծրագրված, ծանր հանցագործություններ են իրականացրել, այդ թվում՝ սպանություններ:
«Տեղի է ունեցել բաց դատական նիստ, որին մասնակցել են իրավապաշտպաններ, տեղի և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դատական գործընթացի ժամանակ Ադրբեջանի քաղաքացիների մեղքն ապացուցվել է: Այսկեպ՝ Ադրբեջանը փորձում է հերթական անգամ շանտաժի ենթարկել, փորձում է անմեղ մարդուն փոխանակել հանցագործների հետ»,- եզրափակեց խոսքը Դավիթ Բաբայանը: