17/06/2016 19:50
Այսօր ոչ միայն ծննդյանս տարեդարձն է, այլև՝ամուսնությանս օրը. «Աբելի քույր» սերիալից Դավիթ Գրիգորյանը նշում է 25-ամյակը
ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Աբելի քույրը» սերիալի գլխավոր դերակատար Դավիթ Գրիգորյանը, ով մարմնավորում է հենց Աբելին, հունիսի 17-ին նշում է ծննդյան 25-ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով օրվա հերոսին, հետաքրքրվեց, թե գերզբաղվածության այս շրջանում ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում է պատրաստվում օրն անցկացնել: Պարզվեց՝ սա նրա միակ առիթը չէ:
«Այսօր ոչ միայն ծննդյանս տարեդարձն է, այլև՝ամուսնությանս օրը. գնացինք ՔԿԱԳ «ԶԱԳՍ» և օրինականացրեցինք մեր հարաբերությունները: Կնոջս, այն ժամանակ՝ ընկերուհուս, ուղիղ 6 ամիս 17 օր առաջ՝ Ամանորի գիշերն եմ ամուսնության առաջարկ արել՝ Էյֆելյան աշտարակի տակ: Այնպես որ, պաշտոնական տվյալներով՝ արդեն 1-օրյա ընտանիք ունեմ: Կարևորեցինք հենց այսօր «Զագս» գնալը, քանի որ այդպես օրն առավել հիշվող ու հիշարժան է դառնում»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց հոբելյարը:
Ոչ պաշտոնական ամուսնությունը՝ Փարիզում և պաշտոնականը՝ Երևանում ամրագրած ճամփորդության սիրահար ամուսինները որոշել են ամեն տարի «ամուսնանալ»՝ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում:
Առիթների դեպքում լրագրող-դերասանը նախընտրում է լինել մտերիմների շրջապատում, որտեղ մթնոլորտն անկաշկանդ է ու չպարտավորեցնող, սակայն այսօր հավաքույթ կազմակերպել ամուսինները չեն կարողանա. աշխատանքն է խանգարում:
«Չեմ կարող օրվա մի մասը տրամադրել աշխատելուն, մյուս մասը՝ «քեֆ անելուն»: Ինչ վերաբերում է մթնոլորտին, ապա եթե տվյալ պահին աշխատանքը չխանգարի և հնարավորություն ունենամ, տոնս, միանշանակ, քաղաքից դուրս կնշեմ, քանի որ բնության «խելագար» եմ: Ռեստորաններից աշխատում եմ բացարձակ հեռու մնալ, այնտեղի մթնոլորտն ինձ համար շատ ձևական է: Նախընտրում եմ, որ կողքիս լինեն ամենամտերիմ, ամենահարազատ մարդիկ, ովքեր, իսկապես, կուրախանան ու անկեղծ բառեր կհնչեցնեն թե՛ ծննդյանս, թե՛ ամուսնությանս կապակցությամբ»,-ընդգծեց նա:
Ի՞նչ կմաղթի իր նորաստեղծ ընտանիքին հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նոր ավտոմեքենա կամ նոր բնակարան չեմ ցանկանում, քանի որ նյութականին կարելի է և շատ արագ հասնել: Տիեզերական գաղափարները մի քիչ ավելի ամբիցիոզ են, ավելի հաճելի ու քաղցր: Գուցե միտքս մի քիչ ֆանտաստիկ հնչի, բայց իմ նորաստեղծ ընտանիքին մաղթում եմ հասնել լուսին: Իմ և կնոջս համար այդ ճանապարհորդությունը մեծ երազանք է: Ինձ թվում է՝ մենք երկրորդ մասնագիտությամբ պետք է տուրիստ լինեինք, շատ ենք սիրում ճանապարհորդել: Եթե համալսարանում նման բաժին լիներ, մենք հաստատ կընդունվեինք»:
Անդրադառնալով օրվա անակնկալներին՝ Դավիթ Գրիգորյանը հրաժարվեց բարձրաձայնել՝ կատակելով, թե դրանք այնքան էլ հրապարակման համար չեն: