17/06/2016 16:11
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի 2-րդ հանրապետությունն է. Իվետա Մուկուչյանի հայտարարությունն ու Գոհար Գասպարյանի մեկնաբանությունը
«Եվրատեսիլ 2016» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հունական հեռուստաընկերություններից մեկի հաղորդաշարի ժամանակ հաղորդավարի՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին խեղաթյուրված պատասխան է տվել:
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ քննարկումներ են ընթանում, թե այն ում է պատկանում. ադրբեջանցիներն ասում են՝ իրենց է պատկանում, հայերն` իրենց»,-նշել է երգչուհին:
Այն, որ Ի. Մուկուչյանը պատրաստ չէր նման հարցի ու մինիմալ պատկերացում չուներ արցախյան քարտեզից՝ հաղորդման ժամանակ հստակ երևաց, բայց որքանով է տրամաբանական, որ ընդամենը մեկ ամիս առաջ եվրատեսիլյան բեմում Արցախի դրոշը հպարտորեն ծածանող, ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի պատճառով Եվրատեսիլի հետ կապված ժամանցային միջոցառումները չեղյալ հայտարարող, Ամստերդամի ելույթից հրաժարվող երգչուհին հիշողության այդ աստիճան «կորուստ» ունի ու նման հարցերում այդքան անպատրաստ է: Ի վերջո, եվրատեսիլյան հայ ներկայացուցչի դեմքով մենք Հայաստնանն ենք ներկայացնում աշխարհում, տվյալ դեպքում՝ Հունաստանում:
Aysor.am-ը փորձեց իր իսկ խայտառակ հայտարարության մասին մեկնաբանություն ստանալ երգչուհուց, սակայն նրա՝ երկրում չլինելու պատճառով չստացվեց:
Եվրատեսիլյան մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց:
«Ճիշտն ասած՝ այս հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ կարող տալ, դա սխալ կլինի, որովհետև Հանրային հեռուստաընկերությունը միայն մրցույթի շրջանակներում է զբաղվում արտիստի հետ: Մեկնաբանության համար, կարծում եմ, իր հետ պետք է կապ հաստատեք: Այդպես ավելի ճիշտ կլինի»,-եզրափակեց Գոհար Գասպարյանը: