17/06/2016 09:48
Ո՞վ է հարամել Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը. ՉԻ
Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտը: Հազարավոր քաղաքացիներ եկել էին հրաժեշտ տալու մեծանուն երգչուհուն: Եկել էին նաև իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանել է. «Անշուշտ, Օֆելյա Համբարձումյանը հատկապես ժողովրդական երգերի իր սքանչելի կատարումներով, իր արվեստով, հայկական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդով արժանացել էր համաժողովրդական հարգանքի ու մեծարման: Կանցնեն տասնամյակներ, իսկ սերունդները կշարունակեն վայելել նրա երգերը: Շատ հուզիչ էր ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանի խոսքը. «Հոգին անմեռ է և այս պահին այն սավառնում է այս սրահում, ուր հազարավոր անգամներ իր ձայնն է հնչեցրել Օֆելյա Համբարձումյանը: Այս պահից դու հավերժի ճամփորդ ես, մենք՝ ընկերներդ, երբեք չենք մոռանա քո պայծառ անունը, դու մեզ հետ կապրես ու մեզ կապրեցնես քո երգով, քո սիրով, քո սիրտ մաշող ու սիրտ հմայող ձայնով: Խաղաղ անցնես քո վերջին ճանապարհը՝ քո երգի ուղեկցությամբ և խաղաղ հանգչես, իմ հարազատ քույր»:
Մի խոսքով, և հուզիչ էր, և հանդիսավոր, տեղը տեղին ու մեկ էլ… Երեկ հազարավոր քաղաքացիների խիստ զայրացրել էր այն փաստը, որ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը մանկահասակ երեխաների էին բերել, դագաղի մոտ շարել, երեխաների հագուստին ամրացրել Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավենները: Թե դա ում գաղափարն է եղել. Երեխաներին բերել այդտեղ ու այդ անմոռուկներով թատրոն սարքել՝ առայժմ անհայտ է: Բայց պարտադիր պետք էր երգչուհու հոգեհանգստի արարողությունը հարամել, չէ՞: Առանց դրա հնարավոր չէր»: