18/06/2016 13:44
Այնտեղ ներկայանալու տեղ չէր, այլ հրաժեշտի առիթ. Ռուբեն Մաթևոսյանը Օֆելյա Համբարձումյանի հրաժեշտի արարողությանը երեխաների ներկայության մասին
ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտի արարողությանը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում էին նաև ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարած Ջիվանու աշուղական դպրոցի փոքրիկ սաները՝ հագուստներին Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավեններով: Նույնիսկ ներկա չգտնվողների աչքից լուսանկարների միջոցով չէր վրիպել այն հանգամանքը, որ դագաղի դիմաց կանգնած փոքրիկները հայացքները փախցնում են՝ խուսափելով նայել դիմացը: Ըստ նախատեսվածի, երեխաները նույնիսկ պետք է երգեին այնտեղ, սակայն նախարարության աշխատակիցները հասցրել են կանխել:
Անգամ ընտանիքներում, երբ, Աստված չանի՝ դժբախտություն է տեղի ունենում, ծնողները փորձում են փոքրիկներին զերծ պահել այդ ամենին ներկա գտնվելուց՝ նրանց մեկ-երկու օր վստահելով հարազատներին: Հոգեբանական տեսանկյունից այս տեսարանները կարող են երեխաների հիշողության մեջ մխրճվել և ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Իսկ նման բան, մեծամասամբ, ուժող տպավորության և վախի դեպքում է լինում:
Չէ՛ր կարելի երեխաներին այնտեղ տանել և այս տեսակետին են նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամները, Մշակույթի նախարարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը:
«Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձևով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ», - ասվում է ՄԻՊ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:
Թովմաս Պողոսյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ երեխաների մասնակցության որոշումը եղել է ծնողներինը, ինքն էլ ընդամենը ընդառաջել է: Նաև խոստովանել է, որ խորությամբ չի պատկերացրել հետևանքները, այլապես չէր համաձայնի:
Դժվար է ասել, թե ինչո՞վ են առաջնորդվել ծնողները և նրանց խրախուսողները՝ երեխաներին, թեկուզ և մեծության, բայց հոգեհանգստի արարողությանը մասնակից դարձնելով:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հետ:
«Ինքս եղել եմ Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, որտեղ որոշվեց պատշաճ ձևով կազմակերպել գրեթե 80 տարի հայկական մշակույթին ծառայած մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունները: Նման դեպքերում ամեն մի քայլը լինում է ըստ նախատեսված ծրագրի՝ որտեղ դնել, ովքեր խոսք կասեն, կնվագեն կամ կերգեն: Անձամբ առաջարկեցի, որ այնտեղ լինի դասական կվարտետ՝ ջութակահարների քառյակ, դուդուկահարների փոքրիկ կազմ՝ Մերանգուլյանի անվան անսամբլի երաժիշտներից, որտեղ աշխատել է և Օֆելյա Համբարձումյանը: Բոլոր քայլերի մասին հստակ խոսվել է, քննարկվել ու որոշվել: Խոսք անգամ չի եղել, որ երեխաներ պետք է գան, կամ ելույթ ունենան, ոչ ոք նման առաջարկին հավանություն չէր տա, հավատացեք: Թե ո՞վ կամ ինչո՞ւ արեց նման բան՝ չգիտեմ, միայն գիտեմ, որ այդ երեխաները Թովմաս Պողոսյանի դպրոցի սաներն էին, որոնց շարքով կանգնեցրեց: Այդ պահին ես նույնիսկ զարմացա, չհասկացա՝ ինչի համար: Երբ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեսավ, անմիջապես հրահանգեց դուրս հանել երեխաներին, Թովմասն էլ դուրս բերեց փոքրիկներին: Դրանից առավել ոչինչ չգիտեմ, քանի որ այդ պահին ինքս էլ շատ հուզված էի ու հարազատների կողքին նստած ընդունում էի բոլոր ցավակցությունները: Չէ՞ որ նրա հետ 55 տարի աշխատել ենք, ինձ համար շատ թանկ անձնավորություն էր», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռ. Մաթևոսյանը:
Հարցին, թե արդյոք Թովմաս Պողոսյանն այդ հանձնախմբի անդամ չի եղել, նաև՝ դեպքից հետո զրուցե՞լ են ստեղծված իրավիճակի շուրջ՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Իհարկե, նա էլ է եղել հանձնախմբի անդամ ու շատ լավ ծանոթ էր ծրագրին: Ինչ վերաբերում է մեր հետագա զրույցին՝ ո՛չ, ես նրան չեմ տեսել, ոչ էլ խոսել եմ այդ թեմայի շուրջ: Ի՞նչ պետք է խոսեմ: Ուղղակի զարմանում եմ, չէ՞ որ ինքը ներկա էր, միթե՞ չգիտեր, որ վայրկյան առ վայրկյան քննարկվել էր արարողակարգը ու երեխաների մասին ոչ մի խոսք չէր եղել: Թե ինչո՞ւ որոշեց, որ նման բան պետք է անի՝ չգիտեմ: Դա երեխաների տեղը չէր: Այնտեղ ներկայանալու տեղ չէր, այլ հրաժեշտի առիթ, բոլորը գալիս էին հրաժեշտ տալու Օֆելյային», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ժողովրդական արտիստը: