20/06/2016 09:56
Մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ 2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:
2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգը՝ նվիրված աշխարհահռչակ տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին, կայացել է Հայաստանի Ազգային Պատկերասրահի Որմնանկարների սրահում: Համերգին մասնակցել են Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր` Հարություն Արզումանյան: Հնչել են Յ.Ս.Բախի, Գ.Ֆ.Հենդելի, Վ.Ա.Մոցարտի, Ջ.Ռոսինիի, Ֆ.Շուբերտի, Գ.Ֆոռեի, Ջ.Բ.Պերգոլեզիի, Ֆ.Դուռանտեի, Ց.Ֆռանկի, Լ.Լուցցիի, Ա.Ստրադելլայի, Ն.Վալենտեի, Գ.Մ.Ֆեռիլլիի, Ս.Ռախմանինովի ստեղծագործությունները: