20/06/2016 19:48
Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման ֆոնին Արցախում սահմանային իրավիճակը կայուն է
Արցախում սահմանային իրավիճակն այս պահի դրությամբ կայուն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը.
«Սահմանային իրավիճակը, եթե համեմատենք նույնիսկ 1994-1995 թվականների հետ՝ ավելի կայուն է, ու դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ՝ 22 տարիների ընթացքում Ադրբեջանը տարեցտարի լարում էր իրավիճակը, մինչև որ այս տարվա ապրիլին տեղի ունեցավ պոռթկում պատերազմի տեսքով: Հիմա, կարծես, նոր ժամանակաշրջան է սկսվում», - ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը չի լարում սահմանային իրավիճակը՝ նաև հաշվի առնելով ապրիլյան պատերազմից հետո կրած կորուստները՝ մարդկային, տեխնիկական, նյութական:
«Այնուամենայնիվ, մենք միշտ պատրաստ ենք, քանի որ գիտենք՝ ում հետ գործ ունենք: Տեսնում եք, որ ընթանում են բանակցություններ, իսկ Ադրբեջանն այս ընթացքում զորավարժություններ է սկսում, ընդ որում չի տեղեկացնում նույն ԵԱՀԿ-ին զորավարժություններում ներգրավված զինծառայողների ու տեխնիկայի քանակի մասին», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: