20/06/2016 19:22
Դավիթ Բաբայան. Պետերբուրգի հանդիպումից բեկում դժվար է ակնկալել, բայց գործընթացը պետք է շարունակել
Արցախում հետևում են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող բանակցություններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը.
«Ցանկացած բանակցություն մենք համարում ենք կարևոր, որովհետև ի վերջո հակամարտության խաղաղ կարգավորումը մի հրամայական է, որում շահագրգռված են գրեթե բոլոր կողմերը», - ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ հանդիպումից ակնկալիքներ, իհարկե, կան:
«Ապրիլյան պատերազմից հետո կարևոր մի նոր ուղղություն է բացվել, որն, իհարկե, վաղուց էր պետք, բայց անտեսված էր՝ հետաքննական մեխանիզմների ներդրումը: Սա այն հիմնական շերտն է, որի վրա կարող է կառուցվել հակամարտության հետագա կարգավորումը», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Դավիթ Բաբայանը ընդգծեց՝ հետաքննական մեխանիզմների ներդրումը երկարատև գործընթաց է, բայց առանց դրա հնարավոր չի լինելու խոսել այլ գործընթացների, քաղաքական խնդիրների մասին:
«Վիեննայից հետո սա երկրորդ հանդիպումն է, որում բեկում դժվար է ակնկալել, սակայն գործընթացը շարունակել պետք է», - ամփոփեց Դավիթ Բաբայանը: