20/06/2016 10:30
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր Պետերբուրգում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում այսօր կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, փոխանցում է «Тасс» լրատվական գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, «սպասվում է, որ սկզբում Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, ապա երեք նախագահները միասին բանակցություններ կվարեն»:
Ուշակովն ընդգծել է, որ Կրեմլը պատրաստվում է ակտիվ քայլեր ձեռնարկել՝ աջակցելու կողմերին խնդրի կարգավորման համար՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը որոշիչ դեր է ունեցել 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման հարցում:
Պուտինը այդ ժամանակ մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, Մոսկվա են հրավիրվել երկու երկրների գլխավոր շտաբերի ղեկավարները, և ապրիլի սկզբին Երևան և Բաքու է այցելել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Մենք հիմա մեր միջնորդական առաքելություն ենք կիրառում, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ամբողջական համաձայնությամբ՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք առաջարկվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից 2009-2013 թ ընկած ժամանակահատվածում»,-ասել է Ուշակովը: