20/06/2016 20:15
Սանկտ Պետերբուրգում նախագահներն ընդունել են եռակողմ հայատարարություն. Ղարաբաղյան կարգավորմանը նոր թափ կհաղորդվի
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահները պայմանավորվել են նոր թափ հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, գրում է «ТАСС»-ը:
«Բացի այն, որ մենք առանձնացրել ենք բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված հստակ քայլեր, նախագահները համաձայնության են եկել նաև եռակողմ հայտարարության շուրջ: Դրանում նախագահները հաստատում են իրենց պատրաստակամությունը շփման գծում իրավիճակի կայունացման, հակամարտության գոտում աշխատող ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ, ինչպես նաև համաձայնում են ստեղծել պայմաններ՝ հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացում առաջընթաց գրանցելու համար», - ասել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում «լուռ է, ու զինադադարը լիովին պահպանվում է»:
Սերգեյ Լավրովը նաև լրագրողների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ «միջադեպերի բացառմամբ ու հետաքննությամբ զբաղվում է ԵԱՀԿ քարտուղարությունը»: