20/06/2016 11:30
Ադրբեջանը պետք է հարգի հրադադարի ռեժիմը, հակառակ դեպքում ԼՂ հարցով յուրաքանչյուր բանակցություն վերածվում է բեմադրության. Էնգել
Ադրբեջանի Հանրապետությունը պետք է հարգի հրադադարի ռեժիմը, հակառակ պարագայում ԼՂ հարցով յուրաքանչյուր բանակցություն վերածվում է զուտ բեմադրված արարողության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ խոսելով Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին:
«Ես անկեղծորեն չգիտեմ՝ ինչ սպասեմ այդ հանդիպումից: Մինչև Ադրբեջանը պատրաստակամություն չհայտնի առերեսվելու եղած փաստերի հետ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվի: Այդ փաստերի ցանկում կարևոր կետերից մեկն այն է, որ Ադրբեջանը պետք ընդունի ԼՂՀ-ի գոյությունը, որի սահմանները մշտապես պատերազմական իրավիճակում է պահում»,-ասաց եվրապատգամավորը:
Էնգելի խոսքերով՝ Ադրբեջանը կա՛մ պետք է հարգի հրադադարի ռեժիմը, կա՛մ յուրաքանչյուր բանակցություն կվերածվի զուտ բեմադրված արարողության:
«Ի դեպ, ոչ մի բանակցություն իմաստ չի ունենա, եթե բանակցությունների սեղանին չլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայությունը»,-ընդգծեց Ֆրանկ Էնգելը: