20/06/2016 14:56
Սրանց նմաններին քաղաքում ամեն օր տեսնում եմ ու հիմա շատ հավեսով կներկայացնեմ իրենց դեմքը. Վահագն Գալստյանը՝ նոր սերիալի մասին
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև մի շարք սերիալներից, սիթքոմներից ու գեղարվեստական ֆիլմերից, տևական հեռուստադադարից հետո շուտով նորից էկրաններին կլինի: Սերիալում դերասանին այս անգամ վստահվել է բացասական կերպար:
«Հավանաբար հուլիսի 1-ից Կենտրոն հեռուստաընկերությամբ նոր սերիալ կցուցադրվի: Այն ներկայացնելու է բախումներ երկու մեծ գերդաստանների միջև: Ինձ այս կերպարում դեռ չեն տեսել, շատ բացասական կերպարով եմ հանդես գալու. մեծահարուստ, ով կապ ունի քրեական աշխարհի հետ, չի ցանկանում իր ձեռքից բաց թողնել ո՛չ իշխանությունը, ո՛չ փողը: Ինձ հետաքրքրել է, սրանց նմաններին քաղաքում ամեն օր տեսնում եմ ու հիմա շատ հավեսով կներկայացնեմ իրենց դեմքը: Չգիտեմ՝ ինչքանով է այս կերպարն իմ սրտով, բայց կարևորն այն է, որ այն խաղալու հնարավորություն է տալիս: Եվ հետո, գիտեմ, որ սերիալը երկար չի տևելու, շուտ է հանգուցալուծվելու».-Aysor.am-ին տեղեկացրեց Վ. Գալստյանը:
Արմենիա TV-ի «Տնփեսա» սիթքոմում մեծ հաջողություն ունեցած դերասանն օրերս մասնակցել է Շանթ հեռուստաընկերության նոր սիթքոմի համար անցկացվող քասթինգին: «Սա սիթքոմ է՝ սերիալների իրականության մասին: Սիթքոմում սերիալ են նկարահանում, ընդգրկվելու դեպքում մարմնավորելու եմ կամ ռեժիսորի, կամ պրոդյուսերի»,-մանրամասնեց նա:
Գերզբաղված դերասանը նաև երկու գեղարվեստական ֆիլմերի առաջարկ ունի, որոնցից մեկի դեպքում ֆինանսական հարցով դեռևս համաձայնության չեն եկել, մյուսի նկարահանումներն էլ կսկսվեն օգոստոս ամսին: «Եթե ընդհանուր հայտարարի գանք, առաջին ֆիլմում կխաղամ մի մարդու, ով ցանկանում է աշխատանքի ընդունվել մեծահարուստի մոտ: Նրան առաջադրանք են տալիս, որը հաղթահարելու դեպքում միայն կարող է անցնել այդ աշխատանքին: Հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է… Մյուս ֆիլմի նկարահանումներն, ըստ նախնական պայմանավորվածության, անցնելու են Իջևանի գյուղերից մեկում: Գյուղապետի կերպարում եմ հանդես գալու: Օգոստոս ամսին հավանաբար մեկ ամսով նկարահանվող խմբով կգնանք այնտեղ»,-նշեց նա:
Հունիսի վերջին կսկսվի նաև Հանրային հեռուստաընկերության «Հատուկ բաժին» ֆիլմաշարի նոր եթերաշրջանի նկարահանումը, որում ներգրավված է նաև Վահագն Գալստյանը:
Կապված թատերական գործունեության հետ՝ մեր զրուցակիցը զբաղվածությունի ունի ոչ միայն հարազատ Դրամատիկական թատրոնում, այլև՝ Նարեկ Դուրյանի «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ: Գումարած այս բոլորին՝ դերասանը նաև կրկնօրինակումներ է անում Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում:
Հարցին, թե նման գերզբաղվածությունը գերհոգնածությամբ չի՞ սպառնում նրան, պատասխանեց. «Աստված տա՝ բոլորում էլ լինեմ: Ես պատրաստ եմ աշխատելուն ու երբեք չեմ հոգնում իմ մասնագիտությունից»: