21/06/2016 11:55
Վիեննայում շարունակվում են աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ. Շարպանտիե
Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ Վիեննայում շարունակվում են աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
«Վստահության մեխանիզմների ձևավորումը մեզ համար առանցքային և կարևոր նշանակություն ունեցող հարց է։ Սա այն հարցն է, որի շնորհիվ հնարավորություն է տրվում վտահության մեխանիզմների հաստատմանը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնումը, սահմանի ողջ երկայնքով հսկողության մեխանիզմների ներդրումը թույլ կտան նաև բացահայտել ապրիլին քառօրյա պատերազմի իրադարձությունների դրվագները», - հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը։
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շեշտեց, որ ԵԱՀԿ-ն շարունակում է աշխատանքները այդ մեխանիզմները կյանքի կոչելու համար։
«Մենք մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, քանի որ դա շատ կարևոր է», - ասաց ֆրանսիացի դիվանագետը։