21/06/2016 16:43
Ես և Շաքեն՝ ծնողների, Խորենը՝ որդու կերպարում է. Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը և Խորեն Լևոնյանը՝ «Հայրը» ֆիլմում
Օրեր առաջ Aysor.am-ն առաջինն էր ընթերցողներին տեղեկացրել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատվերով հայ ռեժիսորների կողմից թեմատիկ ֆիլմի ստեղծման մասին, որը կազմված է մի քանի կարճամետրաժ ֆիլմից: Նախագծում ներգրավված ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Արկա Մանուկյանը, Արշալույս Հարությունյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը, Ռոման Մուշեղյանը, Արամ Շահբազյանը: Այս ֆիլմերից դեռ միայն Հրաչ Քեշիշյանի աշխատանքն է մոտ եզրագծին. «Հայրը» ֆիլմում գլխավոր դերերում նկարահանվել են դերասան-ամուսիններ Ժան Նշանյանն ու Շաքե Թուխմանյանը, նաև՝ Խորեն Լևոնյանը:
«Առաջարկը ստացել եմ Հրաչ Քեշիշյանից՝ մայիսի սկզբներին: Իրեն շատ եմ հարգում և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես մարդ: Կարճամետրաժ ֆիլմ է, ես և Շաքեն ծնողների, Խորենը՝ որդու կերպարում է: Առանցքում հայր և որդի հարաբերություններն են: Ֆիլմը խորհուրդ է տալիս, որ մարդիկ կյանքում ուշադիր լինեն իրենց ծնողների նկատմամբ, քանի որ վերջիններս հոգատարության կարիք ունեն»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Վաստակավոր արտիստ Ժան Նշանյանը:
Իրական կյանքում էլ Ժան Նշանյանն ու Շաքե Թուխմանյանը մեկ որդի ունեն՝ երգիչ-դերասան Արման Նշանյանը: Հարցին, թե էկրանի մյուս կողմում տեղ գտած հարաբերությունները որքանով են նման իրական հարաբերություններին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նմանություններ կան: Իհարկե, այս ֆիլմն իմ ու տղայիս հարաբերությունների հետ կապ չունի, բայց բոլոր ընտանիքներում էլ կան նման երիտասարդներ: Մարդը մեծանալով ավելի շատ է հոգատարության և ուշադրության կարիք զգում, իսկ երիտասարդներն անընդհատ զբաղված են լինում»:
Դերասանը պատրաստվում է նկարահանվել նաև Սուրեն Բաբայանի նոր կարճամետրաժ ֆիլմում, որն իրականացնում է Հայաստանի կինոկենտրոնը: «Արդեն 5-րդ նախագծում ենք աշխատելու Սուրեն Բաբայանի հետ: Ասեմ, որ նաև հունիսի 25-ից սկսվելու են Հանրային հեռուստաընկերության՝ 16 մասից բաղկացած «Հատուկ բաժին» ֆիլմի նկարահանումները, որտեղ ևս զբաղվածություն ունեմ»,-նշեց նա:
Առջևում նրան սպասվում է հուլիվուդյան մեծ նախագիծ՝ որդու՝ Արման Նշանյանի պրոդյուսերությամբ, որտեղ վերջինս հանդես է գալու նաև գլխավոր կերպարներից մեկում: Ա. Նշանյանը նպատակ ունի ֆիլմի նկարահանումներն անցկացնել Հայաստանում: «Արմանն ամեն ինչ արել է, որպեսզի կամուրջ ստեղծվի, դրսից ցանկություն ունենան գալ և Հայաստանում ֆիլմ նկարել, այն էլ որոշ չափով հայկական մոտիվներով: Ի դեպ, նրա մասնակցությամբ նախորդ՝ «Վրիժառուի օրագիրը» հոլիվուդյան ֆիլմի համաշխարհային պրեմիերան կսկսվի հունիսի 24-ին»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ Արման Նշանյանի նախաձեռնած նոր հոլիվուդյան ֆիլմում դերասանական կազմում լինելու են հա՞յ, թե՞ հոլիվուդյան աստղեր, Ժան Նշանյանը ծիծաղելով եզրափակեց. «Դե, մեր Հայաստանում գրեթե բոլորն «աստղեր» են, երկնքում էլ աստղ չի մնացել, բոլորն իջել են երկրի վրա… Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա այնտեղ կնկարահանվեն և՛ հայ, և՛ հոլիվուդյան հրաշալի դերասաններ, աստղեր»: