21/06/2016 19:57
Ամբողջ թիմով աշխատում ենք, որ շուտով «Stand Up Yerevan»-ը դառնա հեռուստատեսային պրոդուկտ
«Վիտամին» ակումբի նոր սերնդի ներկայացուցիչներից Մհեր Մխիթարյանը որոշել է հետևել ավագ ընկերներին և ժամանակ առ ժամանակ անհատապես հանդես գալ Stand up ժանրում: Օրերս տեղի ունեցավ նրա առաջին ելույթը, որից երիտասարդ շոումենն այնքան էլ դժգոհ չէր:
«Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ մեզ երբեմն առանձին-առանձին են հրավիրում: Անկեղծ ասած՝ ես իմ անդրանիկ ելույթից, կարելի է ասել, գոհ եմ, բայց այդ օրվա հոնորարից՝ առավել… Թեև, ես իմ հանդեպ միշտ պահանջկոտ եմ, կարող եմ միշտ էլ գոհ չլինել իմ ելույթից։ Կարևորն այն է, որ հանդիսատեսը այդ օրը գոհ էր, ուրախ և ժպիտը դեմքներին»,-Aysor.am-ի հետ զրույցում ծիծաղելով անկեղծացավ Մ. Մխիթարյանը:
Ո՞րն է այս ձևաչափի հիմնական թեման և ի՞նչ նյութի շուրջ է նախընտրում խոսել նոր սերնդի ներկայացուցիչը, ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ այն մեր օրերում այնքան պահանջարկ ունեցող ժանր է դարձել, պատասխանեց. «Հիմնականում խոսում եմ այն թեմաներից, որոնք ինձ հետաքրքիր են, նաև՝ ակտուալ։ Չեմ մանրամասնի, կասեմ՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանч հազար անգամ պատմել: Գիտեք, այս ժանրը բավականին երկար պատմություն ունի, սակայն Հայաստանում ակտուալություն ձեռք է բերել վերջին մի քանի տարում։ Իսկ թե ի՞նչ պատճառով, կարծում եմ, անկեղծության: Չէ՞ որ այն թույլ է տալիս անկեղծ ու բաց շփվել հանդիսատեսի հետ: Նաև, հիմնականում արդիական թեմաների շուրջ են կառուցվում ելույթները»:
Երիտասարդ «վիտամինցիներ» Մհեր Մխիթարյանի, Բոնիի, Գոռի, Վանի, Գրիգի, Նարեկի ու Մոսի միասնական՝ «Stand Up Yerevan» նախագիծը, հնարավոր է, շուտով փոխարինի հեռուստատեսային հնաբնակներին, սակայն դա չի նշանակում, որ «Stand Up Yerevan»-ի և «Վիտամին» ակումբի տղաների հարաբերությունները խզված են:
«Ամբողջ թիմով աշխատում ենք, որ շատ շուտով «Stand Up Yerevan»-ը դառնա հեռուստատեսային պրոդուկտ, իսկ մինչ այդ ելույթ ենք ունենում Երևանի տարբեր ժամանցի կենտրոններում: Ինչ վերաբերում է հարաբերություններին, ապա «Վիտամինի» տղաները միշտ էլ իրենց հնարավորությունների սահմաններում մեզ աջակցում և մեր կողքին են»,-Aysor.am-ի հետ զրուցը եզրափակեց Մհեր Մխիթարյանը: