22/06/2016 16:43
Արտակ Զաքարյան. ԼՂ հարցով բանակցություններին մենք դեռ չենք մոտեցել
Ադրբեջանի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ առնչություն չունի Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարության հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն, ասաց պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Սանկտ Պետերբուրգի հանդիպման ամբողջ արդյունքը արտացոլում է ավելի վաղ ներկայացված պաշտոնական Հայտարարությունը: Այնպես որ, Ադրբեջանը լավ կանի ավելի շուտ մտածի, որ մենք սահմանին ունենանք կայուն հրադադար: Մնացած բոլոր խնդիրները բանակցային գործընթացի խնդիրներ են, իսկ բանակցություններին մենք դեռ չենք մոտեցել», - ամփոփեց Արտակ Զաքարյանը:
Ն.Մամեդովը հայտարարել էր, որ որ Սանկտ Պետերբուրգում ձեռք է բերվել հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու պայմանավորվածություն:
«Հանդիպմանը նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին: Այն է՝ հակամարտությունը պետq է լուծել փուլային եղանակով՝ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետև ևս երկու շրջան: Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ», - ասել էր Ն.Մամեդովը: