22/06/2016 20:01
Սերժ Սարգսյանի Արցախ այցի օրակարգում Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները ներառված չեն. Դավիթ Բաբայան
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահի հետ այցելել է սահմանագծի հատվածներից մեկը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Նախագահները այցելել են սահմանագծի հատվածներից մեկը, ծանոթացել են զինվորի առօրյային, ընդհանուր սահմանային իրավիճակին», - փոխանցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Վերջինս նշեց, որ Սերժ Սարգսյանի այցի օրակարգում ԼՂ հարցով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները ներառված չեն:
«Սա ընդհանուր այց է: Պետերբուրգի հանդիպումների հետ առանձնապես կապ չունի», - ասաց Բաբայանը՝ հորդորելով սպասել այցի վերաբերյալ առաջիկայում տարածվելիք հաղորդագրությանը:
Բաբայանը հայտնեց, որ վաղը ևս նախանշված են մի քանի միջոցառումներ: «Վաղը հանդիպումներ չկան: Այցը դեռևս չի վերջացել, երբ վերջանա, մանրամասն կհայտնենք», - ասաց նա: