22/06/2016 16:13
Նալբանդյան. Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել
Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը:
Նա նշել էր, որ որ Սանկտ Պետերբուրգում ձեռք է բերվել հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու պայմանավորվածություն:
«Հանդիպմանը նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին: Այն է՝ հակամարտությունը պետq է լուծել փուլային եղանակով՝ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետև ևս երկու շրջան: Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ», - ասել էր Ն.Մամեդովը:
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարն ընդգծել է, որ այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։
«Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է՝ Նովրուզ Մամեդովը երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։
Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։