22/06/2016 16:36
Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը ներկայացնում է կարգավորման փաթեթի միայն ձեռնտու կետերը
Ադրբեջանական կողմն իր հանրությանը փորձում է ներկայացնել կարգավորման տարբերակների միայն իրեն ձեռնտու կետերը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Սանկտ Պետերբուրգում կողմերը պայմանավորվել են Ղարաբաղյան հակամարտությունը լուծել, այսպես կոչված, փուլային տարբերակով.
«Այս դեպքում, կարծում եմ, խոսք է գնում Կազանյան փաստաթղթի մասին, որից իրենք վերցնում են այն կետերը, որոնք իրենց ձեռնտու են ու ներկայացնում են իրենց հասարակությանը: Դրանում՝ այո, նշվում է որոշ տարածքներից զորքերի դուրսբերուման և արդեն պայմանավորված հանրաքվեի անցկացման ու ԼՂ կարգավիճակը որոշելու մասին: Շատերն այս փաթեթն անվանում են փուլային», - ասաց Սերգեյ Մինասյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանում «փուլային» ասելով ցանկանում են հասկանալ միայն այն, որ հայերը հանձնում են հողերը:
«Կարգավորման փաթեթն ամբողջական է: Այո՝ չեմ բացառում, որ այն քննարկված լինի Սանկտ Պետերբուրգում: Կարծում եմ՝ այս հանդիպմանը հայկական կողմը փորձել է ուշադրությունը սևեռել միայն սահմանին վստահության մեխանիզմների վրա, Ադրբեջանն էլ, բնականաբար, փորձել է առաջ քաշել կարգավորման հարցը», - ամփոփեց քաղաքագետը: