22/06/2016 21:14
Թող նրանք մտածեն, ովքեր տղամարդուն ուրիշ կնոջ ձեռքից «խլում են». Դինա Ակոպովնան՝ իր և Ապեհ Ջանի սիրավեպի մասին (լուսանկարներ)
Այսօր համացանցում տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ հաղորդավարուհի Դինա Ակոպովնան և ռեփեր Ապեհ Ջանը սիրավեպ են սկսել: Թե որտեղի՞ց են նման խոսակցությունները ծնունդ առել, և իրականում ի՞նչ հարաբերությունների մեջ են հաղորդավարն ու ռեփերը՝ Aysor.am-ը փորձեց պարզել նրանցից:
«Հավանաբար՝ նկարները պատճառ դարձան, որ շատերին թվա, թե մենք միասին ենք: Երկու տարի առաջ, երբ մի քիչ երկար մնացի Լոս Անջելեսում, մեր ընկերությունն ու համագործակցությունն ավելի ամրապնդվեց: Նա այդ ժամանակ էլ ապրում էր իր սիրած կնոջ հետ, այժմ էլ սիրած կին ունի իր կողքին, բայց այդ հանգամանքը չի խանգարում, որպեսզի մենք մտերիմ ընկերներ մնանք: Երևան վերադառնալուց հետո էլ մեր ընկերությունը շարունակվել է, նույնիսկ «Դինայի հետ 3» հիթում ձայնագրվեց, ինքը ռեփ էր կարդում, Նիկ Եգիբյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Գրիգոր Կյոկչյանն ու Լուսինե Աղաբեկյանը՝ երգում: Նա վառ, տաղանդավոր անհատականություն է, երբեք չեմ կորցնի իրեն ու իր ընկերությունը», - մեզ հետ զրույցում մանրամասնեց Դինա Ակոպովնան:
Հարցին, թե նման խոսակցություններն անհանգստացնո՞ւմ են ընտանիքի անդամներին, հատկապես՝ նշանադրված երիտասարդ դստրիկին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Իմ աղջկան ինձ հետ կապված անիմաստ քոմենթն էլ է անհանգստացնում, նա ծանր է տանում նման բաները… Բայց այս թեմաները նրա համար անիմաստ են, քանի որ նա բոլորից լավ է ճանաչում ինձ, իմ անձնական կյանքի վերաբերյալ ամեն ինչ գիտի: Երբ այս «սիրավեպի» մասին սկսեցին խոսել, ու կարիք առաջացավ հերքելու՝ աղջիկս ասաց՝ բայց ո՞ւմ ինչ գործն է: Ընտանիք չի քանդվում, թող նրանք մտածեն, ովքեր տղամարդուն ուրիշ կնոջ ձեռքից «խլում» են: Գիտեք, նախկինում եղբայրս էլ էր միշտ նեղվում, բայց արդեն հասկացել է, որ եթերային կյանքով ապրող մարդիկ չեն կարող փախչել այսպիսի իրավիճակներից, խոսակցություններից», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Դինա Ակոպովնան: