22/06/2016 14:55
Բժիշկները մեզ 99 տոկոսանոց հույս են տվել՝ աղջիկ ենք ունենալու. Տիգրան Մնացականյան
Դերասան Տիգրան Մնացականյանն, ով հեռուստադիտողին առավել ծանոթ է մի շարք գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից, 2016 թվականին կրկին կվայելի ծնող դառնալու բերկրանքը: Նոյեմբեր ամսին լույս աշխարհ կգա նրա և Լիանա Առաքելյանի երկրորդ զավակը՝ դստրիկը:
«Բժիշկները մեզ 99 տոկոսանոց հույս են տվել, որ աղջիկ ենք ունենալու: Հուսանք՝ այդպես էլ կլինի»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով տեղեկացրեց Տ. Մնացականյանը:
Ամուսինների առաջնեկը 13-ամյա Ռոբերտն է: Երկարատև ընդմիջումից հետո զավակ ունենալու զգացողությունները փորձառու հայրիկի համար նույնն են, ինչ՝ տարիներ առաջ: «Տպավորություն է, թե առաջին անգամ եմ հայր դառնալու: Չգիտեմ, ոգևորվածությունս մեծ է»,-խոստովանեց նա:
Ապագա դստրիկի անունը ծնողները որոշել են Արիանա դնել, այդ որոշումն էլ հաստատել է փոքրիկի եղբայրը: «Երկարատև ընտրություն կատարելուց հետո ես և կինս որոշեցինք կանգ առնել այդ անվան վրա, տղաս էլ ամրագրել է մեր որոշումը, արդեն փոքր չէ, հասուն տղա է: Շատ գեղեցիկ անուն է, նաև՝ հետաքրքիր բացատրություններ ունի»,-ընդգծեց դերասանը:
Տիգրան Մնացականյանը ներկա պահին զբաղվածություններ ունի գեղարվեստական ֆիլմերում, հեռուստանախագծային առաջարկներ պակաս էլ չունի, սակայն որոշել է փոքր-ինչ հանգստանալ, այնուհետև վերադառնալ էկրան նոր լիցքերով ու ասելիքով:
«Երկու գեղարվեստական ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտել ենք: Տարբեր հեռուստաալիքներից հրավերներ ունեի և ունեմ, բայց դեռևս չեմ կողմնորոշվում, ուզում եմ մի քիչ հանգստանալ: Տեսնենք՝ ինչ կլինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը: