23/06/2016 19:03
Մարիա Զախարովա. ՌԴ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ձևաչափ չի հնարում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է այն հայտարարություններն, ըստ որի ՌԴ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծան նոր ձևաչափ է հնարում:
«Սանկտ Պետերբուրգի հանդիպումը հերքեց այն բոլոր մտահոգությունները, թե ՌԴ-ն, իբրև թե, հնարում է Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ձևաչափ ու բանակցային գործընթացից հեռացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասել է Մ. Զախարովան այսօր կայացած մամուլի ասուլիսին:
Նրա խոսքով՝ նախագահների եռակողմ հանդիպումների ձևաչափը նախկինում էլ է եղել:
«Այս ձևաչափով էին կողմերը քննարկում զգայուն հարցերը: Ընդ որում, բնականաբար, պահպանվում է ամուր կապը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլև` ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ»,- ասել է Մ. Զախարովան:
Նա նաև նշել է, որ համանախագահները տեղեկացվել ու ներգրավվել են գործընթացին հանդիպումից շատ վաղ:
«Մենք պահպանում ենք այն ողջ ներուժը, որը կուտակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Կողմերն իրենք էլ հրապարակայնորեն կողմ են արտահայտվել նման հանդիպումների անցկացմանը ու, կարծում եմ` պետերբուրգյան հանդիպման օգտակարության լավագույն գնահատականը հենց կողմերի կարծիքն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: