23/06/2016 19:43
Անդրանիկ Շահինյանը՝ «Տնփեսա» երգի և սպասվող հեռուստանախագծի մասին
2000-ականների սկզբներին հումորային ծրագրերով հայտնի Անդրանիկ Շահինյանն արդեն մեկ տարի է՝ կրկին ասպարեզում է: Հումորային երգիչ-դերասանը նախորդ տարի վերադարձավ «Endorfin»` «Երջանկության հորմոն» նախագծով՝ «Ուզուղ չունեմ» կատարումով, որը «տանը մնացած» աղջիկների մասին էր: Նախագիծն օրեր անց նոր աշխատանք կմատուցի:
«Սա, կարելի է ասել, նույն պրոեկտի երկրորդ մասն է: Այս անգամ այդ կերպարները միմյանցից անկախ սիրահարվում են նույն մարդուն»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Շահինյանը:
Երգը կոչվում է «Տնփեսա»: Տեսահոլովակի ռեժիսորն է Արմեն Դալլաքյանը, օպերատորներն են՝ Մելս Խաչատրյանը և Անդրանիկ Գրիգորյանը: Տնփեսաների կերպարներում են Լիոն Խումյանը, Անդրանիկ Շահինյանն ու Արտյոմ Սիմոնյանը:
«Աշխատանքները դեռևս մոնտաժային փուլում են, բայց շուտով կավարտենք ու կհանձնենք հանդիսատեսին: Կարծում եմ՝ նորից հավանության կարժանանա»,-հույս հայտնեց նա:
Հարցին, թե արդյոք այսուհետ որոշել է երգչի կարիերայով զբաղվել և չի՞ մտածում հեռուստադաշտ մտնելու մասին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ես միշտ էլ երգել եմ, ուղղակի հանդես չեմ եկել այնպիսի նախագծով, որտեղ երգն ու հումորը կողք-կողքի են: Կարծում եմ՝ այն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Ինչ վերաբերում է հեռուստաաշխարհին, ապա այո, մտածում եմ, որ այն կարող է դառնալ նաև շատ հետաքրքիր հաղորդում: Այլ հետաքրքիր նախագծեր էլ ունենք, բայց դեռ չեմ ցանկանում փակագծերը բացել: Տեսնենք՝ ինչ կլինի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: