24/06/2016 20:06
Հայրենասիրության, ուժեղ տղաների, պատերազմի դաշտում գտնվող հոգևորականների մասին է. Սարգիս Գրիգորյանը նկարահանվում է նոր ֆիլմում
Դերասան Սարգիս Գրիգորյանին, ով տևական ժամանակ է՝ էկրաններին է հաղորդավարի կարգավիճակով, հեռուստադիտողը շուտով կհանդիպի միանգամից մի քանի նախագծերում: Այսօր դերասանը նկարահանվում է 90-ականների արցախյան շարժման մասին պատմող՝ «Երկար վերադարձ» գեղարվեստական ֆիլմում:
«Արդեն նկարահանումների վերջին փուլին ենք հասել: Ֆիլմը ֆրանսիացի մի տղայի մասին է, ով գալիս է Հայաստան ու իր աչքերով տեսնում ամբողջ արհավիրքը: Նրան ֆրանսահայ դերասան է մարմնավորում: Ես սպայի կերպարում եմ, ով այդ ֆրանսիացու հետ գերի է ընկնում… Հայրենասիրության, ուժեղ տղաների, պատերազմի դաշտում գտնվող հոգևորականների մասին է ֆիլմը», - Aysor.am-ին տեղեկացրեց Սարգիս Գրիգորյանը:
Նկարահանվել են նաև Գնել Ուլիխանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմեն Պետրոսյանը (Ռեմբո) և այլք: Ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը:
Մշտապես իր լուրջ կերպարներով աչքի ընկնող դերասանը հանդես կգա նաև կատակերգական ժանրում: «Կոմեդիա է նկարահանվում, բայց այդ մասին շատ բան չեմ կարող ասել: Խոստանում եմ՝ հնարավորության դեպքում փակագծերը բացել», - նշեց նա:
Սերիալասեր հեռուստադիտողի կողմից սիրված դերասանը «տխուր» չի թողնի նաև նրանց. Կենտրոն հեռուստաընկերության նոր նախագծում հանդես կգա գլխավոր կերպարով:
«Ճիշտն ասած՝ ես այլևս սերիալում նկարահանվելու ցանկություն չունեի, բայց երբ առաջարկը եղավ՝ շատ խնդրեցի, որ լուրջ ու լավ աշխատանք պատրաստենք: Այնպիսի սցենար լինի, որ ոչ թե հնդկական կինո հիշեցնի, այլ՝ համամարդկային իրավիճակ արծարծի: Պրոդյուսերն էլ համակարծիք է ինձ հետ: Բավական լուրջ ենք կպել այս գործին, կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք է լինելու… Ասեմ, որ նկարահանումներն արդեն սկսել ենք: Այս սերիալը բաղկացած կլինի 80 մասից, սցենարը լավ եփվել է, դերասանները սկզբից մինչև վերջ ծանոթ են սերիալի բովանդակությանը», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը՝ Էդգար Ավագյանը: Դերասանական կազմում ընդգրկված են նաև Սամվել Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Գնել Սարգսյանը, Կարեն Մկրտչյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Սամվել Փիլոյանը, Արշավիր Փանոսյանը, Սոֆի Դևոյանը, Անժելա Սարգսյանը և ուրիշներ:
«Ես բժշկի եմ մարմնավորում, ով ճանաչված, հեղինակություն ունեցող ընտանիքից է: Իր իսկ գեների պատճառով «կրակն» է ընկնում, շատ դժվարությունների միջով է անցնում, բայց իր տեսակը չի կորցնում: Պայքարում է հանուն ճշմարտության, հանուն սիրո, հանուն ապագա երեխայի… Սիրային շատ եռանկյունիներ կան սերիալում», - ընդգծեց Սարգիս Գրիգորյանը:
Հաջորդ տարվանից դերասանը որոշել է նաև որպես ֆիլմերի պրոդյուսեր հանդես գալ. այդկերպ՝ և՛ օգտակար կլինի, և՛ անձամբ կընտրի այն ֆիլմերը, որոնցում ցանկանում է նկարահանվել. «Ես դերասան եմ ու ցանկություն ունեմ հնարավորության սահմանում ֆինանսավորել նաև հետաքրքիր ֆիլմերը: Տեսնենք՝ ինչ կլինի», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ս. Գրիգորյանը: