25/06/2016 18:34
Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը
Հունիսի 24-ին, 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Պողոս Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հունիսի 27-ին, ժամը 13:00-ին, Ձորաղբյուր գյուղի նոր գերեզմանատանը:
Պողոս Պողոսյանը ծնվել է 1941 թվականին, հունվարի 27-ին, Երևանում: Նա հայտնի է իր լուսանկարած Արարատներով և Սևաններով: Ամենահայտնի Արարատներից մեկը՝ օդանավից արված լուսանկարն է, որտեղ Սիսն ու Մասիսն ասես բռիդ մեջ են: Լուսանկարն այդպես էլ անվանել է`«Արարատն ափիդ մեջ»: Լուսանկարել է նաև 1976 թվականին Հայաստան այցելած Վիլյամ Սարոյանին: Այնուհետև, վարպետի կողմից արված լուսանկարները զետեղվել են Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Ֆրեզնոյում տպագրվող գիրք-ալբոմում:
Պողոս Պողոսյանը «Էջմիածնի գանձերը», «Հայկական գորգեր», «Գանձարան» հայտնի պատկերագրքերի հեղինակն է: