27/06/2016 20:22
Փոխնախարար. Պաշտպանության հարցերում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապավինում են սեփական ուժերին
Պաշտպանության և անվտանգության հարցերում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին, այս մասին գերմանական «Die Tagespost»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ապավինում են առաջին հերթին սեփական ուժերին: Միևնույն ժամանակ Հայաստանը տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ իր համագործակցության խորացումը դիտարկում է՝ որպես զսպող գործոն տարածաշրջանում կայունության խախտման դեմ: Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասն ավանդապես համարում է իր ազդեցության գոտին և փորձում է իր շահերից բխող հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանի երկրների հետ:
«Հավասարակշռված քաղաքականություն վարելը բխում է նաև իր ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը: Ռուսաստանի միջնորդությամբ էր, որ 1994թ. մայիսին կնքվեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմքը: Այդ զինադադարը խախտվեց այս ապրիլին՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնած ագրեսիայով: Եվ կրկին Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ վերականգնելու 1994թ զինադադարի ռեժիմը»,- ամփոփել է ՀՀ փոխարտգործնախարարը: