27/06/2016 17:44
Նադեժդա Սարգսյանը՝ Հռոմի Պապի այցելության և Էմմիի վերադարձի մասին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան անտարբեր ու անմասն չթողեց ոչ մեկին: Թեև խոսքը աշխարհի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդի մասին է, սակայն այս այցելությունը որոշ երկրների աչքում նաև քաղաքական երանգ ստացավ:
Ինչևէ, պատմական եռօրյայի ընթացքում բոլորն էին շտապում նրան տեսնելու, նրա խոսքը լսելու և օրհնությունը ստանալու: Հատկապես, Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էկումենիկ արարողությանը և խաղաղության աղոթքին կողք կողքի էին հավատավորն ու անհավատը, մտավորականն ու բանվորը, պապն ու թոռը…
Սա այն բացառիկ դեպքերից էր, որ ամեն ինչում մի թերություն գտնող մեր բծախնդիր ժողովուրդը գոհ էր ու բավարարված. կազմակերպվածությունն անթերի էր, հոգևոր սնունդն՝ անհամեմատելի:
«Շատ լավ էր կազմակերպված, նույնիսկ կարելի է ռուսերեն շատ ճիշտ բնորոշում տալ՝ «чересчур хорошо»: Սա քրիստոնեական աշխարհի միասնությունն է: Բոլորն էլ գիտեն, թե այսօր աշխարհում ինչեր են կատարվում, և մենք պետք է շատ ուժեղ ու համախմբված լինենք, դա մեծ ուժ է տալիս բոլորիս: Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունն ու ի վերջո, բոլորիս արյան մեջ սերմանված է հավատքը: Նկատե՞լ եք՝ թե՛ վատ, թե՛ լավ օրերին մեր ազգը համախմբվում ու դառնում է մի մեծ բռունցք: Ճիշտ է, մեկ-մեկ էլ իրար «փնովում» ենք, բայց ոչինչ, դա անցողիկ է: Կարևորը՝ վճռական օրերին միախմբվելն է»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
Անգամ այս թոհուբոհի մեջ լրատվամիջոցների աչքից չվրիպեց, որ երգչուհին միայնակ չէր. նա թոռնիկի՝ Էմմիի որդու ուղեկցությամբ էր եկել Հանրապետության հրապարակ: «Քանի որ առողջությունս թույլ չի տալիս շատ տեղերում լինել, կարողացա միայն էկումենիկ արարողությանն ու աղոթքին ներկա լինել: Դա ինձ համար ամեն ինչ էր: Շատ էի ցանկանում, որ այդ պահին թոռնիկս ինձ հետ լիներ: Փառք Աստծո, այդպես էլ եղավ: Հենց այս տարիքից պետք է կարողանանք մեր զավակների մեջ հավատք սերմանել: Թեև դեռ շատ բան չի հասկանում, բայց վստահ եմ՝ նրա մեջ այս ամենը կտպավորվի: Ինձ թվում էր՝ իմ այս մազերով չեն ճանաչի, բայց ճանաչեցին»,-ժպիտով խոստովանեց Ն. Սարգսյանը:
Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհի Էմմին մեկ շաբաթ առաջ է Հայաստան ժամանել: Առաջնահերթ նպատակը՝ մայրիկի կողքին լինելն է: «Ինքս չեմ կարողանում երկար ճանապարհ գնալ, Էմմին եկավ, որպեսզի թոռնիկիս հետ շատ ժամանակ անցկացնեմ: Լինելով այստեղ՝ նա կզբաղվի նաև իր ստեղծագործական աշխատանքով: Արդեն իսկ որոշ միջոցառումներում ընդգրկվել է, բայց փակագծերը բացել դեռևս չեմ կարող: Հավանաբար, մինչև օգոստոսի առաջին կեսն այստեղ կլինի, ընթացքում նրանց կմիանա նաև ամուսինը»,-նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Էմմիի փոքրիկին՝ երգչուհի տատիկն ուրախությամբ նկատեց, որ նրան բոլորը սիրեցին: «Մարդկանց վերաբերմունքից, մեկնաբանություններից զգացվեց, որ նրան սիրեցին, ու ես դրա համար շատ ուրախ ու շնորհակալ եմ մեր ժղովրդին»,-Aysor.am-ի զրույցը եզրափակեց վաստակավոր արտիստուհին: