28/06/2016 12:50
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան դեռ հայտ չի ներկայացրել Բաքվում Շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու համար
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան դեռ հայտ չի ներկայացրել Բաքվում սեպտեմբերին նախատեսված Շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադային մասնակցելու համար, Aysor.am-ի թղթակցին հայտնեց ֆեդերացիայի մամուլի խոսնակ Միքայել Անդրեասյանը:
«Հայակական պատվիրակությունը հայտ չի ներկայացրել: Այդ հարցով քննարկումներ են գնում, դեռ որոշում չկա», - ասաց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ օլիմպիադայի օրենքների համաձայն՝ դիմելու համար կա նախնական վերջնաժամկետ՝ հունիսի 30-ը, և վերջնական` հուլիսի 30-ը:
«Մենք կարող ենք մինչև հուլիսի 30-ը դիմել: Քննարկումներ են գնում: Հնարավոր է հենց այսօր էլ որոշում լինի», - ասաց ֆեդերացիայի մամուլի խոսնակը:
Ավելի վաղ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ հայկական պատվիրակության Բաքու գնալը մեծապես կապված է հայ շախմատիստների ցանկությունից:
Շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան նախատեսված է սեպտեմբերի 1-14-ը: