28/06/2016 21:00
Տղայի և աղջկա փոխհարաբերությունների մասին է. Արմեն Պետրոսյանը Գոռ Հակոբյանի երգի շուրջ
Պրոդյուսեր, շոումեն Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, իր Facebook-յան էջում այսօր փոքրիկ հոլովակ էր տեղադրել՝ մակագրելով՝ շուտով: Հոլովակից հստակ է դառնում, որ երկրպագուներին առաջիկայում երգչի կարգավիճակով կներկայանա դերասան Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ Հաուսի» Ֆելոն:
«Բացի նրանից, որ Գոռը տաղանդավոր դերասան է, նաև երգահան է: Բավական երգեր ունի գրած, նաև՝ ձայնային շատ լավ տվյալներ ունի: Որոշեցինք՝ այս երգը հենց նա կատարի, ու առանց տեսահոլովակի ներկայացնենք հանդիսատեսին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամանեց Ա. Պետրոսյանը:
Արձագանքներից պարզ կդառնա՝ արժի՞, որ դերասանը շարունակի երգչի կարիերան: «Դրական արձագանքներից հետո առավել լուրջ կաշխատենք այդ ուղղությամբ: Եթե հանդիսատեսը հավանի, գուցև երգը տեահոլավակ ունենա», - նշեց նա:
Խաղարկային, մի քիչ ավելի ֆորմատից դուրս երգը կոչվում է «Կյանքս կերել է», տղայի և աղջկա փոխհարաբերությունների մասին է: Խոսքերի և երաժշտության հեղինակը Գոռ Հակոբյանն է: Այն ունկնդիրներին հասանելի կլինի օրեր անց:
Հարցին, թե արդյոք Արմեն Պետրոսյանն այսուհետ հանդես կգա որպես Գոռ Հակոբյանի պրոդյուսեր՝ պատասխանեց. «Գիտեք, Գոռի հետ երգարվեստի ասպարեզում համագործակցության եզրեր դեռևս չունենք, ուղղակի լավ ընկերներ ենք: Պարզապես իրեն օգնել եմ՝ երգը կյանքի կոչվի, իրականանա: Հետագայում, երբ հստակեցվի այս ասպարեզում իր գործունեությունը՝ կորոշենք, ինչպես աշխատել միմյանց հետ», - եզրափակեց Արմեն Պետրոսյանը: