28/06/2016 16:37
Ամփոփվեց «Հարթակ» փորձի փոխանակման երկրորդ փառատոնը. ավելի քան 50 վարպետաց դասընթաց
Հունիսի 25-ին և 26-ին Երևանում տեղի ունեցավ «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը: Այս տարի ևս այն միավորեց ստեղծագործ, նորարար ու փորձառու մասնագետների՝ ստեղծելով գիտելիքի ու փորձի փոխանակման, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու գունեղ հարթակ:
Այս տարվա փառատոնի հիմնական թեման շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրներն էին, որոնց մասնակիցները փորձեցին գործնական լուծումներ առաջարկել լանդշաֆտային քաղաքաշինության, անտառների կառավարման և այլ բնապահպանական խնդրահարույց թեմաների վերաբերյալ անցկացված քննարկումների ժամանակ:
«Բնապահպանական խնդիրները համընդհանուր են, ու ողջունելի է, որ նմանատիպ նախագծերում ու միջոցառումներում նրանք ևս ընդգրկված են, ու մարդիկ շահագրգռված են իրենց լուծումներն արտահայտելու», նշում է Բնապահպանության նախարարության էկոտուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, ով փառատոնի խոսնակներից մեկն էր:
Փառատոնի շրջանակում անցկացվեց 50-ից ավելի վարպետաց դասընթաց չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: «Խոհարարություն» բաժնին նվիրված էր մեկ ամբողջ օր, որի ընթացքում Միսաք Մանուշյանի անվան այգում անցկացվեց սննդի փառատոնը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ոչ միայն համտեսել քաղաքի լավագույն ռեստորանների ճաշատեսակները անհամեմատ ցածր գներով, այլ նաև լավագույն մասնագետներից սովորել մի շարք խոհարարական հմտություններ և գաղտնիքներ: Փառատոնը վարում էր հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, իսկ բարձրորակ երաժշտությունն ապահովում էր DJ Գրեգը: Համեղ սնվելու այս հնարավորությունը գրավեց նաև զբոսաշրջիկների, ովքեր ծանոթացան հայկական խոհանոցին և քաղաքի ռեստորանային անցուդարձին:
Փառատոնի դասընթացները վարեցին ինչպես փորձառու մասնագետներ Հայաստանից՝ ներառյալ փառատոնի հովանավոր Ռոստելեկոմ ընկերության մասնագետները, այնպես էլ արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ՝ նկարիչ Ռոբին Չութերը Միացյալ Թագավորությունից, աշխարհի լավագույն հարյուր սննդի լուսանկարիչների ցանկում ընդգրկված Ալեքսանդր Սլադնյեվը Ուկրաինայից, բնապահպանական ակտիվիստ Սեփ Ֆոգլը Գերմանիայից, երաժիշտ Արաշ Ազադին Իրանից և այլք:
«Սովորաբար իմ նկարները մռայլ են ու անգույն, բայց Երևանում դրանք գույներ ստացան: Այստեղ ես վայելում եմ իմ աշխատանքային գործընթացը և ուրախ եմ իմ փորձը մյուսներին փոխանցել: «Հարթակը» ինձ միմիայն օգնեց այդ հարցում, և շատ այլ արվեստագետներ ու նկարիչներ ծանոթացան «եբրու» նկարչական ոճին, որը Երևանում ես չեմ հանդիպել»,- նշեց բրիտանացի արվեստագետ Ռոբին Չութերը:
«Ամբողջ օրն անցկացրել ենք այստեղ, ու մեկ օրում լուսանկարչության մասին այնքան բան սովորեցինք, որ «Հարթակից» դուրս երևի շաբաթներ կտևեր»,- նշեց մասնակիցներից մեկը լուսանկարչության դասընթացներից հետո:
Այսպիսով, երկրորդ «Հարթակ» փառատոնը ևս արժանացավ հանրության հետաքրքրությանը և դրական արձագանքին: Այն հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ոչ միայն գործնական գիտելիք ձեռք բերել, այլև ընդլայնել հաղորդակցման ցանցն ու ոգեշնչման նոր աղբյուրներ գտնել հետագա գործունեության համար: Այն բազմաթիվ հարցերին, թե փառատոնն արդյոք կկրի շարունակական բնույթ, պատասխանում է 2000-ից ավելի մասնակիցների ներգրավվածությունն ու եռանդը: