29/06/2016 20:18
Շտայնմայեր. Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոյի պահպանումն անհնար է
Գերմանիան աջակցում է սահմանային հետաքննական մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ ներկայիս ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին:
«Այս առաջարկություններն, ինչպես նաև 1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրի լիովին կատարումը կստեղծեն բարենպաստ պայմաններ բանակցությունների առաջընթացի համար: Հայաստանը միջնորդների հետ աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Իր հերթին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշեց, որ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է:
«Այս իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը: Մենք պետք է ձգտենք խուսափել դրանից, և ԵԱՀԿ-ն աշխատում է այդ ուղղությամբ՝ փորձելով հակամարտության երկարատև լուծում գտնել»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»:
«Մենք սկզբունքորեն ճիշտ ուղու վրա ենք ու պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս իրավիճակը պահպանելու և բանակցային գործընթացը նյութականացնելու համար: Անհրաժեշտ են ԵԱՀԿ ու միջնորդների ջանքերը, ինչպես նաև՝ փոխադարձ զիջումների գնալու հակամարտության կողմերի պատրաստակամությունը»,- ասաց Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: