29/06/2016 10:00
Ջոն Էվանսը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան (2004-2006 թթ) Ջոն Էվանսը այսօր առավոտյան Երևանից մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Նախկին դիվանագետը Արցախ է այցելում որպես «Հայաստանի մանուկներ» (COAF,
The Children of Armenia Fund) հիմնադրամի խորհրդական, Aysor.am-ի թղթակցին հայտնեց դիվանագիտական աղբյուրը:
Հունիսի 25-ին Ջ.Էվանսը ժամանել է Հայաստան:
«Ջոնը հենց նոր մեկնեց Հայաստան: Ես այնքան եմ նախանձում: Եթե իմ ընկերները Երևանում հանդիպեն Ջոնին, խնդրում եմ՝ իրեն հիշեցրեք, որ ինձ համար Պապի այցից պատմական հուշանվեր գնի: Շնորհակալություն», - Facebook-ի իր էջում գրել էր նախկին դեսպանի կինը՝ Դոննա Էվանսը:
Ջ.Էվանսը Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորել է 2004-ից 2006 թթ: Մայիսի 24-ին նա հեռացվեց պաշտոնից:
Որոշման պաշտոնական բացատրություն չտրվեց, սակայն դեսպանը ավելի ուշ հանդես եկավ պարզաբանումներով.
«Չնայած ես նշել եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, սակայն օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում էր իմ՝ Ջոն Էվանս անհատի, ոչ թե քաղաքական գործչի տեսակետը»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության համաձայն, դեսպանը Կալիֆորնիայում հանդիպումներից մեկի ժամանակ «ցեղասպանություն» էր անվանել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները:
«Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն... Կարծում եմ, մենք՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկել այդ հարցը», - ասել էր Ջոն Էվանսը: