29/06/2016 19:19
Բաքվում կարծում են, որ Ջոն Էվանսն Արցախ է այցեցել՝ «ֆինանսական շահերից ելնելով»
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին կներառի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ Ջ. Էվանսի այցը ԼՂՀ «սադրանք» է:
«Նա այս քայլն իրականացրել է ԱՄՆ հայկական լոբբիի թելադրանքով՝ որոշակի ֆինանսական շահերից ելնելով: Նրա անունը կընդգրկվի «սև ցուցակում» », - ասել է Հաջիևը:
Ջոն Էվանսը ԼՂՀ է այցելել որպես «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրենների խորհրդի խորհրդատու:
Հունիսի 29-ին Էվանսը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենը հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների միջև մարդասիրական՝ մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները։