29/06/2016 19:31
«Բացահայտեցի, որ նախագահը բավական պունկտուալ է». Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է «ArmComedy»-ին. Լուսանկարներ
Այսօր համացնցում մեծ իրարանցում է առաջացրել «ArmComedy»-ի 500-րդ հոբելյանական հաղորդման անոնսը, որից պարզ է դառնում, որ քաղաքա-երգիծական հաղորդմանը հյուրընկալվել և հարցազրույց է տվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Շատերը շարունակում են չհավատալ այս իրողությանը՝ անհամբեր սպասելով երեկոյան եթերին: Բացառիկ երևույթ է, երբ երկրի առաջին դեմքը հյուրընկալվում է հումորային հաղորդաշարի: Ինչպե՞ս նրան հյուրընկալելու նպատակ առաջացավ և դժվար չէ՞ր արդյոք ձեռք բերել համաձայնությունը հարցին, հումորիստ-հաղորդավար Սերգեյ Սարգսյանը պատասխանեց.
«Որոշեցինք մի արտառոց հարցազրույց անել 500-րդ հոբելյանական հաղորդման համար և «մտային գրոհի» արդյունքում ծնվեց այս միտքը: Ինչ վերաբերում է հեշտ կամ դժվարին, ոչ, այնքան էլ դժվար չէր»:
Համացանցում հայտնված անոնսում Սերժ Սարգսյանի՝ տղաներին ուղղված՝ «Էտ չեք վախենո՞ւմ, որ բոլորին քննադատում եք» հարցից նկատելի է դառնում, որ նա բավական ծանոթ է հաղորդաշարին: Շատերին կարող է թվալ, որ դա ոչ թե ինքնաբուխ, այլ նախապես պայմանավորված հարց է:
«Հարցրել ենք՝ դիտո՞ւմ է մեր հաղորդումը, թե՞ ոչ: Պարզվեց՝ դիտում է: Իսկ հարցի հետ կապված՝ կասեմ, որ երգիծանքը պահանջում է և՛ լավ նախապատրաստում, և՛ իմպրովիզացիա: Երկուսի խառնորդն էր»,-ընդգծեց Սերգեյ Սարգսյանը:
Հարցին, թե ի՞նչ նոր բան բացահայտեց իր համար երկրի ղեկավարի մեջ, մեր զրուցակիցը խոստովանեց. «Բացահայտեցի, որ բավական պունկտուալ է»: