29/06/2016 20:09
Տեղի կունենա երիտասարդ նկարչուհի Վարդուհի Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը
Երիտասարդ նկարչուհի Վարդուհի Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետարանում վաղը՝ հունիսի 30-ին 17:00-ին: «Անդորր. ներքին բնանկար» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի վերջին 2 տարիների թվով 24 աշխատանքներ:
«Տիեզերք», «Հարթավայր», «Ծաղկած մետաղ» և մյուս կտավերը նկարչի մտորումներն են, բնության՝ նրա ինքնատիպ ընկալումն ու միայն իրեն հատուկ գույներով արտացոլանքը: Այս ցուցահանդեսն էլ նրա «Ներքին բնանկարի», դրա փոթորկուն ու անդորր վիճակների հաշվետվությունն է՝ արվեստագետներին ու արվեստասեր հասարակությանը:
Նշենք, որ ցուցահանդեսը կայանում է Էջմիածնի քաղաքապետարանի, Ավագանու անդամ, նկարիչ Ներսես Մելիքյանի աջակցությամբ: Ցուցահանդեսի մուտքն ազատ է:
«Անդորր. ներքին բնանկարը» նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2014 թ-ին Նարեկացի Արվեստի Միությունում: