30/06/2016 19:25
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը խախտել է հրադադարը Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկի բերքահավաքի ժամանակ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել», - ասված է հաղորդագրության մեջ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, «այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: