30/06/2016 12:07
Ջոն Էվանս. Ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին
Ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը, «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան (2004-2006 թթ) Ջոն Էվանսը:
«Ես ուշադիր հետևում եմ բանակցային գործընթացին և այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը: 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագրի տակ Արցախը՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ, նույնպես դրել է իր ստորագրությունը: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը: Միայն այդ պարագայում կապահովվեն առաջընթացի պայմաններ»,-ասել է ԱՄՆ նախկին դեսպանը:
Ջոն Էվանսը հունիսի 29-ին Արցախ է այցելել Հայաստանի մանուկներ հիմնադրամի պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում: Նրան ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Ադրբեջանի արտգործնախարարությունն անօրինական է համարել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այս այցը և նրան ներառել է «սև ցուցակում»: