30/06/2016 12:26
Ալեքսանդր Լուկաշևիչ. Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը նոր չէ
Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը նոր չի առաջանում, «РИА Новости» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ–ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Կա ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների հայեցակարգ, որը հաստատված է դեռեւս 1990-ականներից։ Բայց դա կարգավորման վերջնական փուլն է, հիմա այդ գաղափարը չի առաջանում, քանի որ չկա կարգավորում։ ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում գործում է, այսպես կոչված, բարձր մակարդակի պլանավորման խումբ, որը հարմարեցնում է ԵԱՀԿ հովանու ներքո տեսական խաղաղապահ գործողությունների անցկացման սխեման։ Այսինքն՝ դա ԵԱՀԿ–ի համար հստակ ուրվագծված խնդիր է։ Բայց ի՞նչ ուժերով։ Ի՞նչ տեսք է այն ունենալու։ Դեռևս դա միայն քարտեզի վրա սևագրություններ են, որոնց բավականին պարբերաբար ծանոթանում են անդամ պետությունները»,– ասել է դիվանագետը։
«Այն (խումբը) սերտ համագործակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի գրասենյակի, ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների, հաճախ լինում է տեղերում։ Հարմարեցում ասելով՝ նկատի ունեն տեղանքի զննումն ու քարտեզի վրա այդ խաղաղապահ ստորաբաժանումների հնարավոր տեղակայման տարբերակները։ Վերջնական կետը կարգավորման սկզբունքները համաձայնեցնելն է, որից հետո կողմերը պայմանավորվում են խաղաղապահ գործողության տարրերի շուրջ։ Բայց դա շատ հեռավոր հեռանկար է և այս պահին դեռ շատ տեսական հարց՝ հաշվի առնելով կարգավորման սկզբունքների շուրջ կողմերի համաձայնության բացակայությունը»,– ասել է Լուկաշեւիչը։
Բացի այդ, վերջինիս խոսքով՝ ԵԱՀԿ–ի համար այդ գաղափարը հսկայական մարտահրավեր կլիներ, քանի որ ԵԱՀԿ–ն երբեք չի զբաղվել խաղաղապահ գործողություններով։