30/06/2016 11:26
Կարեն Միրզոյան. Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության բանակցություններում առաջընթացն անհնար է
Բանակցային գործընթացքում անհնար է լուրջ առաջընթաց գրանցել առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո ասաց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
«Դա այն կետն է, որի մասին մենք միշտ խոսում ենք։ Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է։ Ոչ միայն ղարաբաղյան կողմի պահանջը, այլև՝ օբյեկտիվ իրականություն։ Այսօր առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, անհնար է լուրջ առաջընթաց գրանցել», - ասաց Կարեն Միրզոյանը:
Նա նշեց, որ Ֆ. Շտայնմայերի հետ հանդիպմանն իրենք նորից են ներկայացրել այս տեսակետը.
«Նաև խոսել ենք այն մասին, որ անկախ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից, կան Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները, որոնք պետք է բավարարվեն։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ շրջափակման պատճառով ոտնահարվում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ կրթության, ազատ տեղաշարժի և այլն: Այդ ուղղությամբ ԵԱՀԿ-ն նույնպես կարող է դեր խաղալ»,- ասաց Կարեն Միրզոյանը: