30/06/2016 21:35
Գուցե սա մի նոր փուլ է, որում պետք է ուժերս փորձեմ. Անահիտ Կիրակոսյանը՝ նոր գործունեության մասին
Երևանյան ակումբներից «Stand pub club»-ը երեկ մարդաշատ էր: Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Հովհաննես Դավթյանը, Արման Գևորգյանը և Վահագն Գրիգորյանը՝ Արմեն Վարդանյանի ղեկավարությամբ, հանդես էին գալիս շոու ծրագրով` Big Stand Up ժանրում: Դերասանուհու համար այս տեսանկյունից ներկայանալը նորություն էր:
«Մեկ հանդիպում մայիսի վերջին ունեցանք, ու քանի որ արձագանքը շատ բուռն էր՝ որոշեցինք շարունակել: Առաջին անգամ եմ հանդես գալիս այս ժանրում: Շնորհակալ եմ գործընկերներիս, որ ինձ օգնում և ուժ են տալիս: Մարդիկ ելույթից հետո մոտենում էին, խոստովանում, որ թերահավատորեն էին լցված՝ մտածելով, թե կինը չի կարողանա այս ժանրում հանդես գալ: Ի ուրախություն ինձ՝ մոտ 3 ժամանոց ելույթից հետո զարմացել ու շատ էին հավանել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ա. Կիրակոսյանը:
Առաջարկը ստացել է Անդրանիկ Հարությունյանից՝ «Խոպանի տեսություն» սիթքոմում նկարահանվելու ընթացքում: «Նկարահանման ժամանակ նկատելով, որ կիթառ եմ նվագում ու հումորներով ուրախացնում մեր անձնակազմին՝ իր մոտ նման միտք է ծագել: Ինձ հարցրեց, թե ինչո՞ւ այդ ամենը չեմ դարձնում փոքրիկ շոու-ներկայացում: Սկզբում թերահավատորեն էի մոտենում առաջարկին, բայց հետո մտածեցի՝ գուցե սա մի նոր փո"ւլ է, որում պետք է ուժերս փորձեմ: Համաձայնեցի ու սկսեցինք թիմային աշխատանքը: Մշակեցինք հետաքրքիր հումորներ, որոնք նաև իմ կյանքից էին վերցված: Այդ ամենը համեմեցի նաև կիթառային ելևէջներով»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նոր ձևավորված խումբը որևէ անուն չունի, դերասանուհին վստահ է՝ չի էլ ունենա: «Բոլորս էլ առանձին անհատ դերասաններ ենք, ու կազմն անընդհատ կարող է փոխվել: Օրինակ, նախորդ անգամ Ռաֆայել Երանոսյանն էր մեզ հետ, այս անգամ՝ Հովհաննես Դավթյանը: Ի վերջո, սա ազատ ժանր է, և ազատ հարթակ է», - ընդգծեց նա:
Նման նախագծերը մի օր հեռուստաեթերում են հայտնվում: «Չեմ կարող ասել՝ կդառնա հեռուստանախագիծ, թե ոչ: Ամեն բան հնարավոր է», - ժպիտով ակնարկեց դերասանուհին:
Մինչ այս Ա. Կիրակոսյանը նկարահանվում էր «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում՝ Հայարփիի կերպարում: Սիթքոմի հերթական եթերաշրջանն օրերս ավարտվեց, նոր առաջարկներ էլ դեռևս չունի: «Այժմ շարունակում եմ «Շանթ» հեռուստաընկերության առավոտյան ծրագիրը վարել, նաև՝ աշխատում եմ Կամերային երաժշտական պետական թատրոնում», - Aysor.am-ի հետ զրույցն ավարտեց Անահիտ Կիրակոսյանը: