30/06/2016 16:14
Այդ նամակի տակ ես տեսա մարդկանց անուններ, ովքեր՝ պատշաճ տեղեկացված լինելով, չէին ստորագրի. Անահիտ Մութաֆյանն ահազանգում է
Օրերս համացանցում տարածվեց հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին, որով նրանք դատապարտում էին ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պահվածքը սոցիալական ցանցերում: 24 մտավորականներին, որոնց թվում են նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը և այլք, հատկապես բարկացրել են Նարեկ Մալյանի գրառումները՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի մարդասպան լինելու վերաբերյալ, և իրենց դիմում-նամակով խնդրել են ոստիկանապետին՝ հորդորել խորհրդականին՝ չվատաբանել արդար դատ պահանջող քաղաքացիներին ու իր գործի վերաբացման համար պայքարող դատապարտյալին, այլ զբաղվել օգտակար գործերով՝ ուղղված ոստիկանության դերի բարձրացմանը:
Սակայն երեկ Facebook-յան իր էջում դերասանուհի Անահիտ Մութաֆյանն՝ անդրադառնալով մտավորականների ստորագրությանն, ակնարկեց նամակի անհավաստիությունը: Ըստ նրա գրառման՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը նամակից անտեղյակ է, այնինչ, նրա ստորագրությունն առկա է նամակում:
«Ես իմ էջում տեղադրել եմ իմ և իրական մտավորական Հասմիկ Պապյանի նամակագրության հատվածը: Նրա հետ խոսել եմ, պայմանավորվեցինք մանրամասն զրուցել և անդրադառնալ այս թեմային: Ուղղակի ինչ-որ մարդիկ իրենց հարազատ դարձած Մհեր Ենոքյանին պաշտպանելու այս ձևն են ընտրել, ու խոսքն ամենևին էլ մտավորականների մասին չէ: Այդ նամակի տակ ես տեսա մարդկանց անուններ, ովքեր պատշաճ տեղյակ լինելու դեպքում ոչ մի դեպքում չէին ստորագրի: Նրանց դրած ստորագրությունն ինձ համար անհավանական էր: Հենց դա ինձ շատ կասկածելի թվաց և ես պարզեցի այն, ինչ պարզեցի: Կարծում եմ՝ լրատվամիջոցներն առավել ուշադիր կլինեն ու կխորանան այս հարցում», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Անահիտ Մութաֆյանը:
Հարցին, թե արդյոք դերասանուհին անձամբ ճանաչում է Նարեկ Մալյանին, և ո՞րն էր պատճառը, որ այդքան սուր արձագանքեց այս ամենին՝ պատասխանեց. «Ո՛չ, անձամբ չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ այն բացառիկ պաշտոնյաներից է, ով որևէ անարդարություն անարձագանք չի թողնում, թալանչի չի, կիրթ է և բանիմաց: Ժամանակն է ազատվել հնաոճ «կլիշեներից»: Չեմ պատրաստվում սատարել մարդասպանին այն պատճառով, որ նրա դիմաց կանգնել է պաշտոնյա, անունն էլ դնեմ՝ պայքար ռեժիմի դեմ: Դա կեղծ է ու ծիծաղելի: Պատրաստ եմ մինչև վերջ գնալ, որպեսզի այս երկրում ճշմարտության համար պայքարողներին շարքից չհանեն: Ինչ վերաբերում է իմ սուր արձագանքին, ապա պատճառն այն է, որ վերջերս սովորություն է դարձել մտավորականների, արվեստագետների անունից խմբակային տարբեր նամակ-խնդրագրեր հրապարակելը: Սա շատ վատ ավանդույթ է, որը, երևի, ժառանգել ենք ստալինյան ժամանակներից, երբ մտավորականների մի խմբի անունից մյուսների դեմ լավաշ հոդվածներ էին տպվում «Պռավդա» թերթում», - բարկացած ընդգծեց նա:
Դերասանուհին այս ամենի մեջ վատ ու մտավորականին պախարակող միտում է տեսնում, ինչն էլ նրա զայրույթը կրկնապատկում է: «Սա շատ վատ է պիտակավորում մտավորականին: Ստորագրություն որսացողները փորձում են խաղալ արվեստագետի հուզական, իմպուլսիվ լարերի վրա, պատճառաբանում են՝ իբր այդ ստորագրություններով արդարության վերականգման փորձ են ձեռնարկում: Իրականում, կոնկրետ այս թեման շատ կեղտոտ ու արյունոտ պատմություն է, և մարդկանց փորձեցին ներքաշել այս ամենի մեջ: Անպայման խոսելու եմ ինձ ծանոթ բոլոր արվեստագետների հետ, և եթե այս ցինիզմը նախաձեռնողներն այսպես շարունակեն, միգուցե արվեստագետների շատ ավելի լայն շրջանակ ստորագրահավաք նախաձեռնի՝ ընդդեմ մարդասպանի հերոսացման», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Մութաֆյանը: