30/06/2016 14:52
Ամեն ինչ մի քանի հոգուց է կախված. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանից մեկընդմիշտ հեռանալու մասին
Ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի անդամ Արտյոմ Հակոբյանը քիչ առաջ Facebook-յան իր էջում գրառում է կատարել, որտեղ հստակ նշվում է, որ հերթական ընտանեկան արտագաղթն է սպասվում:
Aysor.am-ը կապ հաստատեց ռեժիսորի հետ՝ հետաքրքրվելով, արդյոք սա Հայաստանից մեկընդմիշտ հեռանալու ակնարկ է, թե բարկության ազդեցության տակ արված գրառում:
«Գրառումս շատ լուրջ է: Այո, չեմ ուզում ապրել այնպիսի երկրում, որտեղ պետք է իմ փոխարեն որոշումներ կայացվեն: Ես այդպես սովոր չեմ: Այն մարդկանցից եմ եղել, ով երկար տարիներ նույնիսկ չի էլ մտածել, թե կարող է այնպիսի օր գա, որ հեռանալու որոշում կայացնի»,-նշեց Ա. Հակոբյանը:
Հարցին, թե արդյոք նոր է բախվել այդ անարդարություններին, թե՞ ամեն ինչ աստիճանաբար է կուտակվել, պատասխանեց. «Տարիներ շարունակ ամեն ինչ դեպի սրան էր բերում: Ինչքան էլ ինքս ինձ հետ պայքարեցի, միևնույն է, հասկանում եմ, որ ոչինչ չի փոխվելու: Ընդհակառակը` գնալով ամեն ինչ ավելի դեգրադացվելու է»:
90-ականներին տարածաշրջանում ամենամեծ սերն ու ճանաչումն ունեցող «Նոր հայերի» տղաներից շատերն այսօր արդեն Հայաստանում չեն՝ Արթուր Ջանիբեկյան, Գարիկ Մարտիրոսյան, Կարեն Մանթշյան, Արտաշես Սարգսյան, շատերն էլ բռնել են ընկերների և գործընկերների ուղին: Իսկ մարդկանց թվում էր, թե հենց այս տղաները երկրի ներսում խնդիրներ չպետք է ունենան, կայացած են ու գործունեությունը շարունակելու հրաշալի հնարավորություններ ունեն:
«Խնդիրը գլոբալ է. ունենալով մեծ վաստակ, կատարված գործեր, բայց այլ մոտեցում՝ յուրաքանչյուր հարցի շուրջ, հասկանում ես, որ այստեղ հանգամանքներն այնպես են դասավորվում, որ քո մոտեցմամբ, ճաշակով, որակով ու մտածելակերպով սկսում ես առանձնանալ ընդհանուրից: Խոսքս, իհարկե, բոլորին չի վերաբերում, կան տաղանդավոր մարդիկ, բայց նրանցից ոչ-ոք չի կարողանում այսօր թելադրել ու անել այն, ինչը լավն է ու ճաշակով: Ամեն ինչ մի քանի հոգուց է կախված, ովքեր ամբողջ երկիրը դարձնում են իրենց էության պես: Մարդիկ էլ, որպեսզի կարողանան ապրել ու գոյատևել, ստիպված դառնում են այդպիսին: Կամ պետք է դառնաս այս ամենին հասցրածների նման մի երևույթ, կամ գնաս ու կյանքդ քո պատկերացրածով դասավորես, ինչն էլ վերջապես նախընտրեցի… Սա վիրուս է, որը, կարծում եմ, Հայաստանում հատուկ տարածում են, որպեսզի մեր ազգը դառնա անգույն հեղուկ, որին հեշտությամբ այս ու այն կողմ կուղղորդեն: Եվ ասեմ՝ ստացվում է: Բայց ես չեմ կարող ու չեմ ուզում ինձ դարձնել այդ անգույն մասսայի մի հատվածը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Արտյոմ Հակոբյանը իր հետ տանելու է նաև ամբողջ ընտանիքին, ովքեր միակարծիք են այս հարցում, թե որտեղ մեկը, այնտեղ էլ՝ մնացած բոլորը: Ի դեպ, ռեժիսորը հայրենիքին կապող ոչինչ չի պահում. նույնիսկ տունն է վաճառում: «Քանի որ անզոր եմ որևէ բան փոխել, նախընտրում եմ հեռանալ ու գոնե իմ երեք երեխաներին՝ երկու որդիներին ու մեկ դստրիկին, նորմալ կրթություն տալ, լավ մարդ դարձնել: Հայաստանում դա այսօր անհնար է: Թեև, դեռ հույս ունեմ, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում ու մի օր ամեն ինչ այնքան լավ կլինի, որ զավակներս կցանկանան իրենց երկրում ապրել: Այսօր դեռ պետք է իրենց այսօրն ու վաղն ապահովել… Ինչ վերաբերում է տան վաճառքին, ապա ունենալ նման մեծ տուն, չլինելով Հայաստանում, անհիմն է: Ուղղակի ափսոս է, որ այս տունը դատարկ մնա, կքայքայվի: Իհարկե, փոքրիկ մի անկյուն կթողնենք մեզ համար»,-վստահեցրեց նա:
Դեռևս որոշված չէ, թե երիտասարդ ընտանիքը որ երկրում կհաստատվի: «Մի քանի տարբերակ ունեմ, քննարկում ենք, բայց առավել շատ հակված եմ Միացյալ Նահանգների վրա: Արդեն գործընթացի մեջ եմ, մեկ-երկու օրվա հարց չի, բայց շուտով կլինի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արտյոմ Հակոբյանը:
«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում,որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները՝ ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էտ ոհմակից ինչ- որ մեկին՝ ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերտ չհանես՝ ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են , երբ իմանում են որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը:
Հ.Գ. էս ցուցակը անվերջա, բայց էսքանը արդեն հերիքա, որ էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»,- Facebook-ի իր էջում ավելի վաղ գրել էր նա: