01/07/2016 16:20
Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում չաղավաղել բանակցային գործընթացի էությունը
Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում, ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին:
«Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը»,-ասել է նա:
Հարցին, թե ինչպե՞ս է փոխարտգործնախարարը մեկնաբանում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը օգոստոսին Փարիզում ամենաբարձր մակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ, Շավարշ Քոչարյանը պատասխանել է.
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ՝ հրավիրյալներից մեկը»: