01/07/2016 12:36
Երգիչ Մարտին Մկրտչյանը վթարի չի ենթարկվել. նրա պրոդյուսերը պատրաստվում է դատի տալ սուտ տեղեկություն տարածողներին
Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ հունիսի 30-ի գիշերը հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով տուժել են 33-ամյա Մարտին Մկրտչյանի վարած ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները, որոնցից մեկն անչափահաս է: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նշվել է, որ Մարտին Մկրտչյանը որպես երգիչ աշխատում է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում:
Aysor.am-ը կապ հաստատեց երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ՝ ճշտելու տեղեկության հավաստիությունը:
«Դա ապատեղեկատվություն է, երգիչ Մարտին Մկրտչյանը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ամուսինը, վթարի չի ենթարկվել: Երեկ Մարտինի մոտ նույնիսկ ավտոմեքենա չի եղել, երեկոյան ես եմ իրեն տուն տարել, հետո էլ՝ ինքս տուն գնացել: Գուցե անուն-ազգանունն է համընկել, չգիտեմ, բայց դա ձեր իմացած Մարտին Մկրտչյանի հետ կապ չունի», - ասաց Ա.Մովսիսյանը:
Պրոդյուսերը բարկությամբ ընդգծեց, որ պատրաստվում է դատի տալ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք այս նյութը իրենց կայքերում տարածել են: «Սա լրատվության օրենքի խախտում է, զրպարտություն: Միանշանակ, դիմելու ենք իրավաբաններին, զրպարտիչներին հրավիրելու ենք դատարան ու ճանճասպանով սատկեցնենք: Ես լուրջ լրատվական կայքերին շատ լուրջ եմ վերաբերում, բայց սուտ բաներ տարածողներին չեմ կարող լրատվական կայք համարել: Եթե այնքան էժանագին են, որ իրենց համար լայք կորզելը մարդու կյանքից թանկ է, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը: Պատկերացնո՞ւմ եք, առավոտյան արթնացել եմ ու մարդիկ զանգում հարցնում են, թե Մարտինի հետ ի՞նչ է կատարվել, ինչպես է: Չէ՞ որ այդ սխալ ինֆորմացիան կարող է սթրես առաջացնել հարազատի մոտ», - նշեց նա:
ՀԳ. Facebook-յան իր էջում քիչ առաջ թեմային անդրադարձավ նաև ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, ով երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի պսակադրության քավորն է:
«Հարգելի ընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ սոց.ցանցերում հրապարակված նյութը ՝ Մարտին Մկրտչյանի վթարի ենթարկվելու վերաբերյալ , ցանկանում եմ նշել , որ դա ինչպես նշված է որոշ կայքերում, իմ սանիկ Մարտին Մկրտչյանը չէ , քանի որ ես նույնպես հիշատակված էի մի քանի նյութում, ուստի ցանկացա արձագանքել։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վթարից տուժածներին, և մեկ այլ Մարտին Մկրտչյանին՝ անվտանգ երթևեկություն: Շնորհակալություն բարի և ոչ այնքան բարի արձագանքելու համար», - գրել է Արսեն Արշակյանը: