02/07/2016 13:18
Երևանն ընդգծում է Վաշինգտոնի կարևոր դերը ԼՂ խնդրով դիվանագիտական ակտիվության հարցում
Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
«Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին հետևած դիվանագիտական ակտիվությունը մեկ անգամ ևս ընդգծեց այն կարևորագույն դերը, որը Միացյալ Նահանգները խաղում է այդ գործընթացում», - նշել է Ս.Սարգսյանը:
«Ինչպես համանախագահ երկրները, մենք ևս խորապես համոզված ենք, որ 1994-1995 թվականների զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումն ու բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերը ամուր հիմք կհանդիսանան բացառապես խաղաղ միջոցներով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համար», - ասել է ՀՀ նախագահը:
«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման», - ասված է ուղերձում: